Ազգային ժողովի այգում բիոզուգարաններ տեղադրելու անհրաժեշտության մասին հայտարարություն են տարածել ճարտարագետ-նախագծողներ Մարտին եւ Արամայիս Ասլանյանները, նաեւ նշել են, որ նույն մտահոգությամբ նամակ են հղել նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:
«Հավանաբար, քչերը գիտեն, որ աշխարհի պետություններից տասի պառլամենտի շենքերը ճանաչվել են որպես լավագույն ճարտարապետական ինքնատիպ կոթողներ, որոնց թվում է ՀՀ ԱԺ շենքը` իր լանդշաֆտային դիրքով, բարեկարգ այգով (ճարտարապետ՝ Մարկ Գրիգորյան): Ազգային ժողովի համալիր-կառույցն իր գոյության ընթացքում երկրորդ անգամ՝ 2019-ին, բացեց իր այգու դռները հանրության առջեւ (առաջինը 1991-ին էր): Չզարմանաք․ այս այգի օտարերկրացի զբոսաշրջիկներ էլ են այցելում. նստում-հանգստանում են, լուսանկարում-լուսանկարվում են կառույցի ֆոնին, ցուցահանդեսներ, հանդիսություններ են կազմակերպվում», գրել են Մարտին եւ Արամայիս Ասլանյանները:
Նրանք նշել են, որ այգին գրավիչ է նրանով, որ «լայնաշունչ է, մաքուր է, կան նստարաններ, աղբամաններ, շատրվան, «գիլիոտինի» տեսքով ցայտաղբյուր (ասում են՝ «գիլիոտինի» գաղափարը Գալուստ Սահակյանինն է): … Տարածքի հասարակական կարգը հսկող կոկիկ ոստիկաններն աչքի են ընկնում բարեկիրթ վերաբերմունքով ու գրագետ խոսքով»:
Սակայն մի տհաճ իրողություն էլ կա. գրում են ճարտարագետ-նախագծողները. այգում չկա սանհանգույց:
«Այցելուներից հատկապես ծերերը, երեխաները, նույնիսկ օտարերկրացի զբոսաշրջիկները հաճախ են հայտնվում անհարմար վիճակում: Իսկ այգում հերթապահող ոստիկաններից ոմանք արագ քայլքով, երբեմն՝ գրեթե վազքով, մղվում են Ազգային ժողովի այգու աջակողմյան հարեւանությամբ գտնվող Սիրահարների այգու զուգարան՝ կտրելով կրկնակի 250 մետր ճանապարհ: Ինչ խոսք, Սիրահարների այգու զուգարանի սանիտարական վիճակը գերազանց է. ընդարձակ է, կահավորված, տաքացվում է եւ, որ ոչ պակաս կարեւոր է՝ անվճար է: Կամ՝ ոստիկաններն այցելում են Ազգային ժողովի այգու ձախակողմյան հարեւանությամբ գտնվող Հայաստանի ճարտարապետների պալատ: Պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը թույլ է տվել ոստիկաններին օգտվել պալատի շենքի զուգարանից: Ի դեպ, Ազգային ժողովի այգում հերթապահող ոստիկաններին արգելված է օգտվել այգու անկյունում գտնվող ընդունարանի շենքի սանհանգույցից»:
Ասլանյանները հույս են հայտնել, որ ԱԺ այգու սանհանգույցի խնդիրը չի քաղաքականացվի, այլ «կապահովվի այգու բնականոն շահագործումը բոլոր այցելուների եւ ոստիկանների համար:
Գոնե երկու բիոզուգարան կարելի է տեղադրել…», գրել են Մ. եւ Ա. Ասլանյանները եւ հետգրություն թողել.
«ՀԳ. Նշված մտահոգությամբ՝ փետրվարի 27-ին նամակով դիմել ենք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին»:



























