Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ ամուսնալուծություն տեղի չի ունեցել մարտին ՕՊԵԿ+-ի գործարքը չերկարաձգելուց հետո։ Այս մասին Bloomberg TV-ին հայտարարել է թագավորության էներգետիկայի, արդյունաբերության եւ հանքային պաշարների նախարար, արքայազն Աբդել Ազիզ բեն Սալման ալ Սաուդը՝ մեկնաբանելով նոր համաձայնագիրը, որի շրջանակներում ՕՊԵԿ-ի երկրները, Ռուսաստանը եւ այլ պետություններ 2020թ․ մայիսի 1-ից գումարային կկրճատեն նավթի արդյունահանումը 9,7 բարելով, հայտնում է РБК-ը։
Նախարարը ենթադրել է, որ դրանից հետո իրավիճակը շուկայում կկայունանա մի քանի ամիսների ընթացքում։ Նա նաեւ հավաստիացրել է, որ Սաուդյան Արաբիան, ՕՊԵԿ-ի երկրները եւ գործարքին չմասնակցող պետությունները պատրաստ են դրա համար անհրաժեշտ ամեն բան անել։
Հաղորդավարը հիշեցրել է, որ հինգ շաբաթ առաջ Էր Ռիադի եւ Մոսկվայի միջեւ «բավական տհաճ ամուսնալուծություն» էր տեղի ունեցել, եւ հստակեցրել է, թե ինչ վիճակում են այժմ հարաբերությունները՝ հարցնելով կարող է արդյոք գնային պատերազմը պոտենցիալ կերպով վերսկսվել մի երկու տարուց։ «Ես դա տհաճ ամուսնալուծություն չէի անվանի։ Ինչպես յուրաքանչյուր ընտանիքում, մեր միջեւ երբեմն տարաձայնություններ են լինում։ Սակայն սովորաբար ընտանիքները դրանք դուրս չեն հանում իրենց ներքին շրջանակի սահմաններից․․․ Դրանց լուծումը ընտանիքներին ավելի ուժեղ է դարձնում։ Կներեք, եթե հիասթափեցնեմ, սակայն մեր միջեւ ամուսնալուծություն չի պլանավորվում»,- պարզաբանել է արքայազնը։
Նոր գործարքը, ինչպես եւ նախորդը (գործել է 2017-ի վերջից մինչեւ 2020-ի ապրիլի 1-ը), ստացել է ՕՊԵԿ+ անվանումը։ Այս տարվա մայիսից հուլիսն ընկած ժամանակահատվածում կողմերը նավթի արդյունահանումը կկրճատեն օրական 9,7 մլն բարելով, իսկ այնուհետեւ աստիճանաբար կավելացնեն այն՝ 2020թ․ երկրորդ կիսամյակում կրճատումը կկազմի 7,7 մլն բարել, իսկ 2021թ․ սկզբից մինչեւ ապրիլի 30-ը՝ 5,8 մլն բարել։ Գործարքը նաեւ նախատեսում է, որ իր պայմանները կարող են վերանայվել 2021թ․ դեկտեմբերին։
Նաեւ՝ Քուվեյթը, Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն որոշել են լրացուցիչ կրճատել արդյունահանումը օրական 2 մլն բարելով, իսկ G20-ի երկրները՝ 3,7 մլն բարելով։ Այսպիսով, ընդհանուր կրճատումը օրական կկազմի առնվազն 15,4 մլն բարել։





























