«Մարդասիրության հուշարձանի» ապամոնտաժումը կարծես վերջակետ է դնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ռուս փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը։

Նշենք, որ Թուրքիայի Կարս քաղաքում ապամոնտաժում են «Մարդկության հուշարձանը»։ Թուրքիայի իշխանությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը խորհրդանշող հուշարձանի ապամոնտաժումը սկսեցին այն ժամանակ, երբ  ամբողջ աշխարհի հայերը նշում էին Հայոց ցեղասպանության 96-ամյա տարելիցը։

Պատասխանելով այն հարցին, թե կարելի՞ է սա «համընկնում» համարել, փորձագետը նկատեց. «Երեւում է, դա վերջակետն է»։

Նրա խոսքով, հայ-թուրքական գործընթացը մաս է Թուրքիայի արտաքին ողջ քաղաքականության արմատական փոփոխութունների։ «Թուրքիան չի կարող բաց թողնել Ադրբեջանին եւ ուղղվել դեպի Հայաստան։ Դրա համար էլ կատակերգությունն իմաստ չունի շարունակել»,- ամփոփեց փորձագետը։