Հնդկաստանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը 24 ժամվա ընթացքում աճել է ավելի քան հազար դեպքով եւ չորեքշաբթի առավոտյան հասել է 11.439-ի, իր կայքում հայտնել է առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Գերատեսչության տվյալներով` մահվան դեպքերի թիվն աճել է 38-ով եւ կազմել 377 դեպք:

Վերջին օրերին Հնդկաստանը վարակման դեպքերի աճի բարձր ցուցանիշ է ցույց տալիս. կիրակի առավոտից մինչեւ երկուշաբթի առավոտյան հիվանդացել է 796 մարդ, հաջորդ օրը աճը 1.211 դեպք է կազմել, իսկ վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է հիվանդության 1.076 նոր դեպք: Առողջապահության նախարարության տվյալներով` այս պահի դրությամբ երկրի հիվանդանոցներում գտնվում է կորոնավիրուսով վարակված 9 756 մարդ, ընդ որում, առողջացել է 1 306 մարդ:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին մարտի 24-ին բոլոր նահանգների եւ դաշնային տարածքների իշխանություններին կոչ է արել խստագույն կերպով հետեւել մարտի 25-ից ապրիլի 14-ը հայտարարված հատուկ ռեժիմի պայմաններին: Երեքշաբթի օրը վարչապետը մեկուսացման խիստ ռեժիմը երկարաձգել էր մինչեւ մայիսի 3-ը: