Աբխազիայի գողական աշխարհի ծպտյալ առաջնորդ 53-ամյա օրենքով գող Ռաուլ Բարցբան, որը քրեական շրջանակներում հայտնի է Պիզա անունով, Քրեակատարողական հիմնարկի բանտարկյալներին կոչ է արել սպանել երկու օրենքով գողի` Թենգիզ Լակերբայայի (Թենգուլյաշ Սուխումսկի) եւ Վախթանգ Պաչուլիային  (Նանիկ)` կրկնակի սպանության համար: Այս մասին երեքշաբթի` ապրիլի 14-ին, հայտնել է «Փայմ Քրայմ» գործակալությունը:

Գործակալության տվյալներով` Բարցբան Լակերբայային եւ Պաչուլիային երկու օրենքով գողի` 38-ամյա Աստամուր Շամբայի (Աստիկ) եւ նրա հասակակից Ալխաս Ավիձբայի (Խասիկ) մարդասպաններ է անվանել: Գործակալության աղբյուրի համաձայն` Բարցբայի կարծիքը կիսել է աբխազական մեկ այլ օրենքով գող Ստանիսլավ Ցիշբան (Պակա): Նա Բարցբայի կողքին է եղել, երբ վերջինս հեռախոսազրույց է ունեցել ՔԿՀ-ի աշխատակիցների հետ:

Փետրվար եւ մարտ ամիսներին Պաչուլիան եւ Լակերբայը ոստիկանության կողմից բերման էին ենթարկվել զենք եւ զինամթերք պահելու համար: Նրանք ներկայումս գտնվում են Աբխազիայի Հանրապետության Պետական անվտանգության ծառայության ՔԿՀ-ում՝ այլ բանտարկյալներից առանձնացված` նրանց նկատմամբ հաշվեհարդարից խուսափելու համար:

Իսկ Աբխազիայի սահմաններից դուրս Լակերբայի ազդեցիկ կողմնակիցները հայտարարում են, որ Բարցբայի բոլոր պնդումները անհիմն են, քանի դեռ նա չի ներկայացրել հեղինակությունների մեղքի ապացույցները: Հակառակ դեպքում, Բարցբային սպառնում են զրկել գողական տիտղոսից, սակայն նա այս պահի դրությամբ որեւէ կերպ չի արձագանքել այդ սպառնալիքներին:

Հեղինակություններ Ասթամուր Շամբան եւ Ալխաս Ավիձբան սպանվել էին 2019 թվականի նոյեմբերի 22-ին: Տեղական ժամանակով մոտ 14:40-ին անհայտ անձինք՝ նվազագույնը դիմակավորված 4 մարդ, մեքենայով մոտեցել էին Սուխումիի Լեոնի պողոտայի վրա գտնվող ռեստորանին եւ ինքնաձիգներից կրակահերթեր արձակել հաստատության այցելուների վրա: Հրաձգության հետեւանքով «օրենքով գողերը» զոհվել էին, վիրավորվել էին նրանց հետ սեղանի շուրջ նստած տղամարդը եւ մատուցողուհին, որը նրանց սպասարկում էր: Նա ավելի ուշ հիվանդանոցում մահացել էր:

Զոհված «օրենքով գողեր» Շամբան եւ Ավիձբան Ռաուլ Բարցբայի համախոհներն էին: Այն 6 տարվա ընթացքում, ինչ Շամբան եւ Ավիձբան «օրենքով գողի» տիտղոսակիր էին, Պիզայի ղեկավարությամբ կոնֆլիկտի մեջ էին միանգամից մի քանի քրեական հեղինակությունների հետ: Նրանց թվում էր նաեւ Թենգիզ Լակորբայան սուխումյան գողական գերդաստանից՝ Մեհրաբ Ջանգվելաձեի (Մեհրաբ Սուխումսկի) ղեկավարությամբ: