Fox News-ը պնդում է, որ «զրոյական պացիենտը», որից սկսվել է կորոնավիրուսի պանդեմիան, աշխատել է Ուհան քաղաքի վիրուսաբանության լաբորատորիայում: Համապատասխան նյութը հրապարակվել է չորեքշաբթի օրը ալիքի կայքում: Ըստ Fox News- ի «բազմաթիվ աղբյուրների», որոնք, իբր, տեղյակ էին վարակի տարածման վաղ փուլերում Չինաստանի իշխանությունների գործողությունների մասին, վիրուսը չղջիկի միջոցով փոխանցվել է լաբորատորիայի աշխատակիցներից մեկին: Աղբյուրների պնդմամբ` ավելի ուշ այդ գիտաշխատողը դարձել է վարակի տարածողը Ուհան քաղաքի բնակիչների շրջանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հեռուստաալիքը նշում է, որ, ըստ իր տեղեկությունների, նշված լաբորատորիայի գործունեությունն ուղղված է եղել «վիրուսների հայտնաբերման և դրանց դեմ պայքարի գործում Չինաստանի` ԱՄՆ-ին հավասարությունը կամ նույնիսկ դրա նկատմամբ գերակայությունը ցույց տալուն»: Սակայն Fox News-ի աղբյուրները նշում են, որ վիրուսի հայտնվելը կենսաբանական զենքի զարգացման հետեւանք չէր:
Չորեքշաբթի Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել էին մեկնաբանել Fox News-ի տվյալներն այն մասին, որ նոր վիրուսը բնական ծագում ունի եւ որ անվտանգության կանոնների խախտման հետեւանքով վիրուսով վարակվել էր Ուհան քաղաքում գտնվող վիրուսաբանական լաբորատորիայի աշխատակցուհին, ով հետագայում վարակել էր նաեւ իր զուգընկերոջը: Այդ տղամարդը, ըստ Fox News-ի, վարակը տեղափոխել էր տեղական շուկաներից մեկը, որտեղից էլ սկսվել էր նոր կորոնավիրուսի լայնածավալ տարածումը:
Սակայն Թրամփը ոչ հաստատել, ոչ էլ հերքել էր այս տեղեկատվությունը: «Ես չեմ ուզում դա ասել: Բայց ես կասեմ, որ մենք ավելի ու ավելի հաճախ ենք լսում այս պատմությունը: Մենք բավականին մանրակրկիտ ուսումնասիրում ենք այս սարսափելի իրավիճակը»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը: Նա հրաժարվել էր պարզաբանել՝ արդյոք քննարկել է նախագահ Սի Ցզինպինի հետ ԱՄՆ Պետդեպարտամենտի մտահոգություններն այդ լաբորատորիայում, իբր, ոչ պատշաճ նախազգուշական միջոցների հետ կապված: «Ես չեմ ուզում քննարկել, թե ինչ եմ խոսել նրա հետ լաբորատորիայի մասին: Ես պարզապես չեմ ուզում դա քննարկել: Դա անտեղի է»,- ասել է Թրամփը:





























