Արդեն երկար տարիներ Հրազդանի կիրճը Երեւանի տեսարժան վայրերից մեկն է: Իսկապես, քիչ քաղաքներ գտնվեն այսպիսի գեղատեսիլ վայրով, այն էլ` գրեթե քաղաքի կենտրոնում: Իր տրամաբանության համաձայն` կիրճը պետք է մայրաքաղաքի հեքիաթային զարդարանքը դառնար: Ավաղ, մենք այդպես էլ չկարողացանք «հեքիաթն իրականություն դարձնել», ինչպես ասվում է հայտնի խորհրդային երգում: Այս մասին գրում է «Նովոյե վրեմյա» թերթը` անդրադառնալով լքված Հրազդանի կիրճի թեմային:

«Ինչ ասած, կիրճը շքեղ է. ժայռոտ լանջեր, սյունաձեւ բազալտներ, աղմկոտ գետ, զով եղանակ: Ժամանակին Հրազդան գետի ափերին ջրաղացներ կային: Ամենահարման տեղում` Սուրբ Սարգիս եկեղեցու ներքեւի հատվածում, Ձորագյուղ գյուղն էր: Ժամանակին, երբ Ալեքսանդր Թամանյանն աշխատում էր Երեւանի գլխավոր հատակագծի վրա, նա առանց վարանելու որոշել էր ձորն աշխատավորների համար հանգստի վայրի վերածել: Մոտ եւ էժան: Առաջին իսկ կառույցը դարձավ Երևանի հիդրոէլեկտրակայանը (1926), որը կառուցվել է հենց Թամանյանի կողմից. համեստ շենքը հիանալի կերպով է ներգրվում էր ռելիեֆի մեջ: Այսօր այն վերականգնման կարիք ունի` որպես Խորհրդային Հայաստանի արդյունաբերական հուշարձան: Հաջորդ միջամտությունը բնական միջավայրի մեջ, բացի Հրազդանի ափերի երկայնքով անցնող ճանապարհները, դարձավ Մանկական երկաթուղին, որը գործարկվեց 1937 թվականին: Ավելի ուշ 500 մետր երկարությամբ երկու թունել փորվեց, որոնք ճանապարհ էին բացում քաղաքի կենտրոնից դեպի հանգստյան գոտի: Թունելները պահպանվել են եւ, կարելի է ասել, անցանելի են: Մոտ 30 տարի առաջ դրանք ամրացվեցին բետոնե եւ մետաղական կոնստրուկցիաներով: Բայց ժամանակի ընթացքում կոնստրուկցիաները տեղ-տեղ ճկվել են. գուցե թունելը կփլվի, գուցե եւ ոչ: Վախենալու եւ շատ կեղտոտ է: Թունելները տանում են դեպի Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների պատվին ստեղծված 10 հուշարձան-աղբյուրները: Այսօր դրանք մոռացված են եւ` առանց մի կաթիլ ջրի: Աղբյուրների հետեւում բազմաշերտ աղբի կույտեր են: Ահա եւ հասանք Հրազդանի կիրճի գլխավոր թեմային` ամբողջ տարածքի ծայրահեղ աղտոտվածությանը:

Հեղափոխական վերափոխումները կիրճում սկսվեցին 90-ականների սկզբին: Նորահարուստները կատաղած էներգիայով շտապեցին յուրացնել կիրճը` իրենց կարիքներին եւ ճաշակին համապատասխան: Ընդ որում, նրանք որեւէ դժվարության չեն հանդիպել, քանի որ քաղաքային եւ մյուս իշխանությունները որեւէ խոչընդոտ չէին ստեղծում, կամ, գուցե, խրախուսում էին նրանց. կիրճում մի քանի տասնյակ շքեղ ժամանցային հաստատություն, ռեստորաններ և «ելակով» հյուրանոցներ հայտնվեցին: Աշխատավորների մասին բոլորովին մոռացան, քանի որ այստեղ կարող էին ուտել եւ զվարճանալ միայն ուժեղ տղաները: Ոչ մի օբյեկտ չի կառուցվել` ռելիեֆը հաշվի առնելով: Ասում են` այնտեղ լավ են կերակրում: Ենթադրենք` այդպես է: Բայց գլխավոր հարցն այն է, թե ուր են հոսում կոյուղաջրերը: Մի՞ թե գետնուղու մեջ: Ամենայն հավանականությամբ` գետի մեջ: Իսկ ի՞ նչ գետը. այն արդեն լի է առափնյա աղբով, որը ոչ ոք չի մաքրում: Զրերի գարնանային հորդացումն ափերն առատորեն աղբով է ողողում, որ թշվառ Հրազդան գետի մեջ լցնում են ափամերձ գյուղերը, ինչպես նաեւ` մոտակայքում ապրող մայրաքաղաքի բնակիչները: Ես հիշում եմ, որ տարիներ առաջ «Ավելի մաքուր Երեւան» նախաձեռնության շրջանակներում մի քանի հարյուր կամավոր կոմունալ ծառայությունների հետ միասին կիրճում շաբաթօրյակ անցկացրեցին, ինչ-որ բան հավաքեցին, պարկերի մեջ ցլրեցին: Սակայն միայն կամավորներով եւ մեկանգամյա ակցիաներով խնդիրը չի լուծվի: Այստեղ մեզ համակարգված եւ մտածված գործողություններ են պետք: Նախ, հարկավոր է գոնե հեռացնել ճանապարհի թփերը, որտեղ մեծ քանակությամբ աղբ է կուտակվում, եւ շարունակել քրտնաջան աշխատել: Հատուկ տեխնիկա է հարկավոր, կոնկրետ տեղեր է պետք առանձնացնել քեֆերի եւ մանղալների համար, աղբարկղեր են անհրաժեշտ եւ այլն եւ այլն. շատ բան է պետք: Էլ չասած այն մասին, որ հանգիստը միայն ուտելը չէ ոչ գեղագիտական միջավայրում: Նորմեր եւ կանոններ են հարկավոր հանգստացող աշխատավորների համար, այդ թվում` պատժամիջոցների ցանկ: Կարճ ասած, քաղաքապետարանի ոչ այնքան մեծ ծախսերի դեպքում երեւանցիները, ի վերջո, կարող են ժամանակի ընթացքում ստանալ այն հանգստի գոտին, որի մասին այդքան մեծ հիացմունքով խոսում էին խորհրդային ժամանակներում, եւ եթե ոչ միանգամից, ապա` մաս-մաս: Արդյո՞ք քաղաքային իշխանությունները կգնան դրան: Քանի որեւէ վստահություն չկա, որ քաղաքապետարանը կկարողանա լուծել Հրազդան կիրճի աղբի հարցը եւ կուտակված այլ խնդիրներ, հնարավոր չէ՞ արդյոք բաժնետիրական ընկերություն կամ մեկ այլ նմանատիպ ընկերություն ստեղծել, որի մասնակիցները կլինեն քաղաքապետը եւ մասնավոր կապիտալը, կառավարող ընկերության նման մի բան: Միգուցե եւ ինչ-որ բան ստացվի»,- նշում է պարբերականը:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Նովոյե Վրեմյա» թերթում