2020 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Չինաստանի ՀՆԱ-ն կորոնավիրուսի համավարակի ազդեցությամբ տարեկան արտահայտությամբ 6,8 տոկոսի անկում է ունեցել, վկայում են Չինաստանի պետական վիճակագրական բյուրոյի հրապարակված տվյալները:
Չինական տնտեսությունը 1992 թվականից ի վեր, երբ սկսել են վիճակագրություն վարել, առաջին անգամ բացասական աճ է ցուցադրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Զեկույցի համաձայն՝ Չինաստանի ՀՆԱ-ն տարեկան արտահայտությամբ կազմել է 20,650 տրլն յուան (մոտ 3 տրլն դոլար):
Ցուցանիշն ավելի վատթար է, քան փորձագետների սպասումներն էին, որոնք կանխատեսել էին 6,5 տոկոսի անկում: 2019 թվականի առաջին եռամսյակում Չինաստանի ՀՆԱ-ն աճել էր 6,4 տոկոսով: 2019 թվականի արդյունքներով՝ չինական տնտեսությունն աճել էր 6,1 տոկոսով՝ պահպանելով աշխարհում խոշորագույնի կարգավիճակը:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել էին Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել էին, որ հիվանդության հարուցիչն է դարձել նոր կորոնավիրուսը, ավելի ուշ հիվանդությունը ստացել էր COVID-19 պաշտոնական անվանումը:
Մարտի 11-ին ԱՀԿ-ն նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Մարտի 29-ին Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեն հայտարարել էր, որ երկրում համաճարակի տարածումը ընդհանուր առմամբ կասեցվել է: Վերջին տեղեկություններով՝ Չինաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 82 367 դեպք, հիվանդանոցներից դուրս է գրվել 77 944 մարդ, մահացել՝ 3342-ը:





























