ՕՊԵԿ-ը վերանայել է 2020 թվականին նավթի պահանջարկի դինամիկայի վերաբերյալ իր կանխատեսումը. կտրուկ անկում` օրական 0.1 միլիոն բարել աննշան աճից հետո: Ապրիլյան զեկույցում կարտելը պահանջարկի պատմական անկում է կանխատեսել` օրական 6.8 միլիոն բարելի մակարդակում, փոխանցում է Reuters-ը:
ՕՊԵԿ-ի գնահատմամբ` երկրորդ եռամսյակում նավթի պահանջարկը կնվազի օրական 12 միլիոն բարելով, երրորդ եռամսյակում` օրական 6 միլիոն բարելով, իսկ չորրորդ եռամսյակում անկումը կկազմի օրական 3.5 միլիոն բարել:
Այս անկման հիմնական պատճառը կորոնավիրուսի գլոբալ տարածումն է դարձել եւ դրա «աննախադեպ ազդեցությունը» նավթի համաշխարհային պահանջարկի վրա, մասնավորապես` տրանսպորտային արդյունաբերության կողմից: Ընդ որում, կանխատեսման հետագա նվազման ռիսկը էական է մնում, հատկապես երկրորդ եռամսյակում նավթի պահանջարկի գնահատման համար, պարզաբանում է ՕՊԵԿ-ը:
ՕՊԵԿ-ը, որը դեռ մարտ ամսին նավթի առաջարկի աճ էր կանխատեսում կազմակերպության կազմից դուրս երկրներից, իր գնահատականը փոխել է դեպի նվազում: Ակնկալվում է, որ այս տարի ՕՊԵԿ-ից դուրս երկրների կողմից արդյունահանումը կնվազի օրական 1.5 միլիոն բարելով: Միակ երկրները, որոնք մինչեւ 2020-ի վերջն արդյունահանման աճ ցույց կտան, կլինեն Նորվեգիան, Բրազիլիան, Գայանան եւ Ավստրալիան, կարծում են ՕՊԵԿ-ի վերլուծաբանները:
ՕՊԵԿ-ը գնահատականներ չի ներկայացնում 2020 թվականին սեփական նավթարդյունահանման մեջ փոփոխությունների վերաբերյալ, բայց նշում է, որ մարտին կարտելի անդամ երկրների արդյունահանումն աճել է օրական 821 000 բարելով` հասնելով օրական 28.61 միլիոն բարելի: Ընդ որում, ՕՊԵԿ-ը Ռուսաստանում նավթի եւ գազի արդյունահանման` օրական 1.30 միլիոն բարելով անկում է կանխատեսում 2020 թվականին` 2019-ի օրական 10.14 միլիոն բարելի համեմատ:





























