ԱՄՆ-ը կշարունակի ճնշում բանեցնել Թուրքիայի վրա` հայ-թուրքական գործընթացը շարունակելու համար: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով, Թուրքիայի վրա ճնշումը կվերսկսվի այդ երկրում խորհրդարանական ընտրություններից հետո: Ընտրությունների համատեքստում Իսկանդարյանը կանխատեսել է, որ հաղթելու է կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, բայց կարեւոր է, թե ձայների ինչ համամասնությամբ: Տարբեր դասավորությունների դեպքում տարբեր հետեւանքներ կլինեն, ասել է քաղաքագետը:

Վերադառնալով ԱՄՆ-ի կողմից ճնշման հարցին, Իսկանդարյանն ասել է, թե Վաշինգթոնը գործիքների մեծ քանակ չունի դրա իրականացման համար, հաշվի առնելով, որ Թուրքիան ԱՄՆ-ին ավելի շատ է պետք, քան հակառակը:

Խոսելով հայ-թուրքական գործընթացի մասին, Իսկանդարյանն ասել է, թե  դա «ամերիկա-եվրոպական, եւ անգամ ռուսական նախագիծ է»: