ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենի թիմը բանակցություններ է վարում երկրի առաջին տիկին Միշել Օբամայի հետ՝ նախընտրական քարոզարշավում նրա մասնակցության շուրջ, հայտնում է Fox News-ը։

Նախկին նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ մրցապայքարից Բերնի Սանդերսի դուրս գալուց հետո իր աջակցությունն էր հայտնել Բայդենին։

Թեեւ Բարաք Օբաման դեռեւս մեծ ժողովրդականություն է վայելում իր կուսակցությունում, նրա կինը համարյա մթագնում է նրան իր ազդեցությամբ։

«Մենք շատ լավ գիտենք այն, ինչ գիտի Ամերիկայում յուրաքանչյուրը՝ Միշել Օբաման, հավանաբար, Դեմոկրատական կուսակցության ամենասիրելի անդամն է, եւ նրա աջակցությունը հսկայական նշանակություն ունի։ Ցանկացած հայտարարություն ապագայում անհավանական ազդեցություն կունենա նրա ձայնի շնորհիվ»,- The Hill թերթին տված հարցազրույցում հայտարարել է Բայդենի խորհրդականը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնվել էր տեղեկատվություն այն մասին, որ Միշել Օբաման կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում կամ աջակցել Բայդենին նախընտրական մրցապայքարում։

Հովարդ Հուտմանը, ով նախկինում աշխատել է Օբամայի վարչակազմում, հայտարարել է, որ Բայդենի թիմը «նրանից կվերցնի այն ամենը, ինչ կարող է», սակայն հարցն այն է, թե որքանով են Միշելը եւ իր ընտանիքը ուզում, որպեսզի նա խաչաձեւ կրակի տակ հայտնվի քարոզարշավի ընթացքում։

Թերթը նշում է, որ Միշել Օբաման կարող է միանալ իր ամուսնուն հանգանակությունների հավաքման ժամանակ, ինչպես նաեւ կարող է ինքը դրանով զբաղվել։