Հայաստանում օրենսդրությունը լավն է, օրենքների գործնական կիրառումն է կաղում: Այդ մասին հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջանի Բուքիքիոն:

Հիշեցնենք, որ սա այն նույն Վենետիկի հանձնաժողովն է, որ հավանություն էր տվել 2005թ. ընդունված նոր Սահմանադրությանը, Ընտրական օրենսգրքին (որով առ այսօր շարունակում են ընտրակեղծիքներ անել) եւ «Հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին» օրենքին: Վերջին օրենքը, ի դեպ, որ ընդունվել է 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո,Երեւանի քաղաքապետարանին հնարավորություն է տալիս արգելել ընդդիմության զանգվածային միջոցառումները, եւ քաղաքապետարանը մոտ հարյուր անգամ մերժել է ընդդիմության իրազեկումները: Այս պահին էլ Վենետիկի հանձնաժողովը քննարկում է «Լրատվության մասին» օրենքը, որով իշխանությունները հնարավորություն են ստանում քրեական պատասխանատվության ենթարկել իրենց ոչ հաճելի լրագրողներին:

Ջանի Բուքիքիոն երեկ Պատվո շքանշան է ստացել, եւ նրա այսօրվա հայտարարությունները լրագրողներին հիմք տվեցին կարծելու, որ նրան ուղղակի կաշառել են: Եվրապաշտոնյան լրագրողների այս դիտարկմանը պատասխանեց, թե ինքը մի քանի ամսից լքելու է իր պաշտոնը: