Բանգլադեշում ավելի քան 100. 000 մարդ է ներկա գտնվել Բրահմանբարիա նահանգում իսլամիստական կուսակցության առաջնորդի հուղարկավորությանը` խախտելով կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ հայտարարված սահմանափակումները:

Իսլամիստական կուսակցության գլխավոր քարտուղար Մոհամադ Մամունուլ Հաքի խոսքով` տասնյակ հազարավոր մարդիկ լցրել էին ճանապարհները Բրահմանբարիայի շրջանում` թաղման արարողությանը ներկա գտնվելու համար, հայտնում է CNN-ը: Ոստիկանությանն այդպես էլ չի հաջողվել վերահսկել ամբոխին, ինչի արդյունքում հանձնաժողով է ձեւավորվել` դեպքը քննելու համար:

Կիրակի օրվա դրությամբ Բանգլադեշում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2.456  եւ մահվան 91 դեպք, սակայն պաշտոնյաները նշում են, որ իրական թվերը, հավանաբար, ավելի մեծ են: