Novartis շվեյցարական դեղագործական ընկերությունը թույլտվություն է ստացել ԱՄՆ-ի սննդի եւ դեղորայքի վերահսկողության վարչությունից (FDA)` COVID-19-ի բուժման համար հիդրօքսիքլորոքին հակամալարիային դեղամիջոցի փորձարկումների անցկացման համար, փոխանցում է «Ամերիկայի Ձայնը»:
Այս ամսվա սկզբին FDA-ն թույլատրել էր ծայրահեղ դեպքերում օգտագործել մի քանի տասնամյակ առաջ մշակված այս չփորձարկված դեղամիջոցը կորոնավիրուսի բուժման համար, սակայն դրա արդյունավետության գիտական ապացույցներ դեռ չկան: Ներկայումս COVID-19-ի բուժման համար հաստատված դեղամիջոցներ չկան:
Առաջիկա շաբաթների ընթացքում Novartis-ը նախատեսում է 440 պացիենտ հավաքել ԱՄՆ ավելի քան տասը բնակավայրից` կլինիկական փորձարկումների երրորդ փուլի համար: Դրանց արդյունքները կհայտարարվեն հնարավորինս շուտ, հայտնել են ընկերությունում: Գայլախտի եւ ռեւմատոիդ արթրիտի բուժման համար հաստատված դեղամիջոցի օգտագործումը կտրուկ աճել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցություն է հայտնել դրանց: Մտահոգություններ կան, որ COVID-19-ի բուժման համար չստուգված դեղորայքին ԱՄՆ վարչակազմի աջակցությունն է հանգեցրել FDA-ի որոշմանն այս հարցում` շրջանցելով սովորական ձեւականությունները:
Այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Novartis-ը, Gilead Sciences-ը եւ Roche-ն, գոյություն ունեցող դեղամիջոցներ են ուսումնասիրում, որոնք նախատեսված են այլ հիվանդությունների բուժման համար` պարզելու` հնարավոր է դրանք վերափոխել կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար, թե ոչ:
Gilead Sciences-ը վերջերս ընդլայնել է իր Ռեմդեզիվիր դեղամիջոցի փորձարկումները, որը նախատեսված է Էբոլայի բուժման համար: Այնուամենայնիվ, կան մտավախություններ, որ Թրամփի եւ այլոց պնդումներն առ այն, որ հիդրօքսիքլորոքինը կարող է «կտրուկ փոխել COVID-19-ի հետ կապված իրավիճակը», հետին պլան են մղել այս դեղամիջոցի վտանգավոր կողմնակի ազդեցությունների մասին տեղեկությունները, այդ թվում նաեւ` տեսողության կորստի եւ սրտի հետ կապված խնդիրների:
Novartis-ի գործադիր տնօրեն Վաս Նարասիմխանը եւս հայտարարել է, որ շատ մեծ հույսեր է կապում այս դեղամիջոցի հետ կորոնավիրուսի դեմ պայքարում: Հիդրօքսիքլորոքինը մի շարք հետազոտությունների առարկա է Միացյալ Նահանգներում, այդ թվում` Վաշինգտոնի համալսարանում, Մինեսոտայի համալսարանում եւ Առողջապահության ազգային ինստիտուտներում:
Novartis-ի դուստր ընկերությունը` Sandoz-ը, որը զբաղվում է գեներիկների արտադրությամբ, խոստացել է դեղամիջոցի 130 միլիոն դեղաչափ նվիրաբերել: Sanofi դեղագործական ընկերությունը եւս մտադիր է հիդրօքսիքլորոքինի 100 միլիոն դեղաչափ նվիրաբերել 50 երկրի:





























