Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կտրուկ քննադատության է ենթարկել Գերմանիայում կարանտինային միջոցների թուլացման «բանավեճերի խրախճանքը»։ Այս մասին ապրիլի 20-ին հայտնել է dpa գործակալությունը՝ հղում կատարելով Քրիստոնեադեմոկրատական միության նախագահության հետ կանցլերի խորհրդակցության մասնակիցներից մեկին։ Գերմանական կառավարության ղեկավարի խոսքերով՝ հետագա թուլացումները Գերմանիայում համաճարակի երկրորդ ալիքի ծագման ռիսկ են բերում։
Մերկելը մտահոգություն է հայտնել, որ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի հաջողությունները ԳԴՀ-ում կարող են զրոյի հավասարվել, եթե ավելի քիչ թվով մարդիկ պահպանեն սոցիալական շփումների սահմանափակման միջոցները։ Սահմանափակումների թուլացման բանավեճերն անօգուտ են, հստակ հասկացրել է կանցլերը, հայտնում է DW-ն։
Նա հիշեցրել է, որ կարանտինն աստիճանաբար հանելու հաջորդ քննարկումը, կանցլերի եւ դաշնային հողերի կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ, նախատեսված է ապրիլի 30-ին։ Սակայն, Մերկելն ընդգծել է, որ կարեւոր է նայել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Այն մասին, թե ինչպես է զարգանում իրավիճակը Գերմանիայի տնտեսությունում, եւ ինչ տեղի կունենա ուսմանը աշակերտների վերադառնալու հետ, կարելի կլինի դատել ոչ շուտ, քան մայիսի 8-9-ը, ընդգծել է Մերկելը։





























