Բելառուսի պաշտպանության նախարարությունը պատասխանել է այն միջնորդությանը, որում բելառուսները պահանջել են չեղարկել ռազմական շքերթը, որը պլանավորված է անցկացնել Մինսկում, մայիսի 9-ին, գրում է Tut.by-ը։

Միջոցառումը եւ դրա փորձերը մեծ թվով մարդկանց կուտակում է համավարակի ժամանակ։ Չնայած նրան, որ այլ զանգվածային միջոցառումները երկրում չեղարկվել են, շքերթը պատրաստվում են անցկացնել։

Շքերթը եւ դրա փորձերը չեղարկելու պահանջով միջնորդությունը հայտնվել է դեռեւս մարտի 29-ին, «Հարմար քաղաք» կայքում։ Ուղերձի տակ ստորագրել է ավելի քան 7000 մարդ։

Մի քանի օր առաջ եկել է պաշտոնական պատասխան, որը ստորագրվել է պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի կողմից։

Շքերթն ու փորձերը չեղարկել չեն պատրաստվում՝ դա բանակի ռազմական պատրաստականության մի մասն է։

«Ներկայում Բելառուսի Հանրապետությունում ստեղծված համաճարակային իրավիճակը թույլ է տալիս Զինված ուժերին անցկացնել ռազմական պատրաստականության պլանային միջոցառումներ։ Շքերթի նախապատրաստումն ու անցկացումը զորքերի ռազմական պատրաստականության բաղկացուցիչ մասն է։ Մարզումների ընթացքում անձնական կազմը կատարելագործում է հմտությունները, այդ թվում իրեն կցված տեխնիկայի վարման եւ սպասարկման, բարձրացնում  է պրոֆեսիոնալ վարպետությունը»,- բացատրում են ՊՆ-ում։  

Ընդ որում, գերատեսչությունը հայտնում է, որ վարժանքների ժամանակ ԶՈՒ բժշկական ծառայությունը կատարում է «հակահամաճարակային եւ բուժական-պրոֆիլակտիկ միջոցառումներ»։

«Բելառուսի համար զինվորական շքերթները հարգանք են մեր ժողովրդի հերոսությանը եւ ամրությանը, ֆաշիստական զավթիչների դեմ անձնազոհ պայքարին, նրանց անօրինակ աշխատանքային սխրանքին, ովքեր հանրապետությունը բարձրացրել են ավերակներից»,- վստահ են ՊՆ-ում։

ՊՆ-ի պատասխանը թվագրվում է ապրիլի 16-ով։ Հենց այդ օրը հայտնի դարձավ բանակում կորոնավիրուսով ժամկետային ծառայողի վարակման առաջին դեպքի մասին։ Հաջորդ օրը կորոնավիրուսը հաստատվեց եւս երկու զինծառայողների մոտ։ Վարակված զինվորների հետ շփվածներին մեկուսացրեցին վրանային ավաններում։

Այն օրը, երբ ստորագրվեց Բելառուսի ՊՆ-ի պատասխանը, հայտնի դարձավ Մոսկվայում հաղթանակի շքերթի հետաձգման մասին։