2002 թվականի ապրիլի 21-ին աշխարհի ավելի քան 50 երկրներում առաջին անգամ կազմակերպված նշվել է ստեղծագործության եւ ինովացիաների տոնը: 2017 թվականի ապրիլին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը, ընդգծելով մարդու գործունեության տարբեր ոլորտներում ստեղծագործության եւ ինովացիաների հնարավորությունները Կայուն զարգացման ծրագրի առաջադրած խնդիրներին հասնելու ճանապարհին, բանաձեւ է ընդունել Ստեղծագործության եւ ինովացիոն գործունեության համաշխարհային օր (World Creativity and Innovation Day) հիմնադրելու մասին, որն այդ պահից ի վեր նշվում է ապրիլի 21-ին, հայտնում է Calend.ru-ն: 

Այս հիշարժան օրվա հիմնադրման նախաձեռնողներն ու ակտիվիստները օրը կապում են ապրիլի 22-ին նշվող Մայր-Երկրի միջազգային օրվա եւ տոնին նախորդող՝ ականավոր գիտնական, մտածող ու գյուտարար Լեոնարդո դա Վինչիի տարեդարձի օրվա հետ, որը նշվում է ապրիլի 15-ին: Առաջին դեպքում կապը մատնացույց է անում մեր ընդհանուր տան՝ Երկրի արարման եւ պահպանման գործում ստեղծագործության եւ ինովացիաների հնարավորությունները, իսկ երկրորդ դեպքում՝ գիտության եւ ստեղծագործական գործընթացների զարգացման մեջ մեծ գյուտարարի ավանդը:

Հարկ է նշել նաեւ այն փաստը, որ ՄԱԿ տոնի պաշտոնական կարգավիճակի ճանապարհին տոնը նշվել է ապրիլի 21-ին նախորդող շաբաթվա ընթացքում, եւ Համաշխարհային շաբաթի տոնակատարությունը սկսվել է հենց ապրիլի 15-ին՝ Լեոնարդե դա Վինչիի ծննդյան օրը:

Նոր տոնը հիմնադրելով՝ ՄԱԿ-ն ձգտել է իշխանությունների, գիտության ու տեխնիկայի, կրթական համակարգերի ներկայացուցիչների ուշադրությունը գրավել ստեղծագործական մտածողության զարգացման հարցի, ամենատարբեր ինովացիաների իրականացման համար պայմանների ստեղծման եւ մարդկության կյանքի տարբեր ոլորտներում ներդրման վրա: ՄԱԿ տեսակետից հենց սա է մարդկության հաջող կայուն զարգացման կարեւոր գործոնը եւ բազմաթիվ խնդիրների հաղթահարման մեթոդը, այդ թվում՝ աշխարհի առջեւ ծառացած գլոբալ բնույթի խնդիրների:

Ապրիլի 21-ին նշվող հիշարժան օրվան նվիրված իր բանաձեւերում ու զեկույցներում ՄԱԿ-ն մշտապես ընդգծել է, որ գիտության, տեխնիկայի եւ ինովացիաների զարգացումը պետք է համընդգրկուն բնույթ ունենա եւ ծառայի մարդկության բարօրությանը՝ կողմնորոշվելով դեպի նրա շահերը:

Պետական կառույցները պետք է բյուջեից որոշակի գումար հատկացնեն տեխնոլոգիաների եւ ինովացիոն գործունեության զարգացման, ինչպես նաեւ ստեծագործության խրախուսման համար, իսկ բիզնեսը նույնպես կարող է այս ուղղությունը դարձնել իր ներդրումների ոլորտներից մեկը: