Աշխարհի տարբեր երկրներից հնագետներն ուսումնասիրել են ՀՆդկաստանի տարածքում հայտնաբերված հնագույն ժայռապատկերների բազմաթիվ նմուշներ: Խոսքը Մադհյա Փրադեշ նահանգում Բեթվա գետի ակունքի շրջանում հայտնաբերված ժայռապատկերների մասին է: Ամենավաղ գտածոների տարիքը 30 հազար տարուց պակաս չէ, հայտնում է Planet Today-ը: 

Այս վայրում առաջին ժայռապատկերները հայտնաբերվել են դեռեւս անցյալ հարյուրամյակի 70-ական թվականների կեսին: Գտածոների տարիքը մեծապես տարբերվում է՝ նկարներից որոշները կատարվել են ընդամենը 500 տարի առաջ, իսկ որոշները պահպանվել են ավելի վաղ ժամանակներից: «Նկարները անչափ տարբեր են. դրանք կատարված են տարբեր տեխնիկայով, պատկերված են տարբեր սյուժեներ»,- Antiquity պարբերականին ասել են հետազոտողները:

Նկարներից մեկում պատկերված է դանակով մարդ, որը նստած է սպանված եղջերուի վրա: Գիտնականները նշում են, որ կենդանին պատկերված է զարմանալի բնականությամբ, որը կարելի է համեմատել վավերագրականի հետ: «Եղջերուի եզրագծերը նկարված են կարմիր ներկով, որի միջոցով հնագույն նկարիչը անչափ ճշգրիտ է պատկերել նաեւ կենդանու ներքին օրգանները: Նկարի ճշգրտությունը թույլ է տալիս հեշտությամբ որոշել կենդանու պատկանելությունը՝ դա Barasingha ճահճային եղջերու է»,- հավելում են հնագետները: