ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է պետքարտուղարի օգնականի Արեւմտյան Եվրոպայի եւ ԵՄ-ի հարցերով տեղակալ Ջուլի Ֆիշերին Բելառուսում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրելու մտադրության մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։

Այժմ Ֆիշերի թեկնածությունը Մինսկում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում պետք է հավանության արժանացնի Կոնգրեսի սենատը։ Հաստատվելու դեպքում նա կդառնա Բելառուսում ԱՄՆ առաջին դեսպանը 2008 թվականից հետո։

Նախկինում Ֆիշերը զբաղեցրել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնը, եղել է ՌԴ-ում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար, ինչպես նաեւ աշխատել է Վրաստանում եւ Ուկրաինայում ամերիկյան դեսպանություններում։

2008թ․ մարտին Բելառուսը Վաշինգտոնից հետ էր կանչել իր դեսպան Միխայիլ Խվոստովին՝ մի շարք բելառուսական ընկերությունների հանդեպ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների հետ կապված։ Դրանից հետո Մինսկից հեռացել էր ամերիկյան դեսպան Կառեն Սթյուարթը։

Այն ժամանակվանից դեսպանությունները ղեկավարում են գործերի ժամանակավոր հավատարմատարները։ Վերջին ժամանակներս Մինսկն ու Վաշինգտոնը նկատելիորեն հաճախակիացրել են շփումները եւ հայտարարել են շուտով դիվանագիտական ներկայությունը դեսպանների մակարդակով վերականգնելու մասին։