«Եթե որեւէ մեկն իր գործողություններով փորձում է ինձ սպառնալ, ապա նա, հավանաբար, շատ միամիտ է»,- հոկտեմբերի 2-ին՝ Փարիզում, եվրոպական տարբեր հայաշատ համայնքների կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ իր ելույթում նախագահ Սարգսյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ հայաստանյան ու սփյուռքահայ շրջանակներում այս ընթացքում շրջանառված հիմնական տեսակետներին ու արտահայտված մտահոգություններին:
«Այս դահլիճը հավաքական ուժ է ներկայացնում, հարյուր հազարավոր եվրոպահայերի զորության խորհուրդն ունի, եւ դա ես արձանագրում եմ անթաքույց հպարտությամբ: Այդ ուժը համահայկական բազում խնդիրներ է լուծել տասնամյակների ընթացքում, մշտապես եղել եւ մնում է Հայաստանի կողքին: Եվ կմնա, քանզի դարեր շարունակ Հայաստանը եղել է հայության երազանքների հանգրվանը: Այսօր էլ մենք միասին ենք, այս անգամ որոշումների կայացման հարցում խորհրդակցելու, կարեւոր ճանապարհից առաջ աշխատանքի բաժանում կատարելու համար»,- ասել է Սարգսյանը:
Նշելով, որ ինքն էլ մեկն է մեր հարյուր հազարավոր այն հայրենակիցներից, ովքեր ամեն օր արթնանում են հայացքն Արարատին ուղղած կամ ակամա ընդվզում որեւէ համատեքստում 1915 թիվը լսելիս, Սերժ Սարգսյանը եվրոպահայ համայնքի ներկայացուցիչներին հրավիրել է բաց երկխոսության` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու դրա հեռանկարների շուրջ: «Ուզում եմ լսել աշխարհասփյուռ հայերի մտահոգությունները, որովհետեւ այսօրինակ ցավոտ հարցում այդպիսիք չլինել չեն կարող, ուզում եմ մտովի համադրել դրանք իմ սեփական մտահոգությունների հետ, ստուգել` արդյո՞ք կան կողմեր, որ հաշվի չեն առնվել կամ բաց են մնացել, արդյո՞ք կան հարցեր, որոնց լուծման համար հնարավորությունների ստեղծման փոխարեն հնարավոր է անզգուշաբար դռներ փակենք այս փուլում»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը մեկ անգամ եւս բացառել է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հարցում որեւէ նախապայմանի հնարավորությունը եւ ընդգծել, որ բանակցություններն ընթացել եւ ընթանում են բացառապես այդ տրամաբանությամբ:
Խոսելով նախաստորագրված արձանագրությունների մասին` Սերժ Սարգսյանն ասել է. «Այդ արձանագրությունները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված սկզբնաքայլեր են լոկ: Դրանք բանակցությունների համար նվազագույն տանելի միջավայր ձեւավորելուց բացի, որեւէ այլ խնդիր այս պահին չեն լուծում, փոխարենը` մեխանիզմներ են նախատեսում առկա խնդիրները քննարկելու եւ ժամանակի ընթացքում հանգուցալուծելու համար: Դրանց նպատակն է ճանապարհ հարթել հարաբերությունների կարգավորման բարդ, բայց միեւնույն ժամանակ անհրաժեշտ ուղու համար եւ անել դա արժանապատվորեն, ինչպես վայել է 21-րդ դարի քաղաքակիրթ երկրներին»:
Այնուհետեւ Սերժ Սարգսյանը մանրամասնորեն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացին, նախաստորագրված արձանագրությունների ընձեռած հնարավորություններին ու դրանց վերաբերյալ առկա հիմնական մտահոգություններին: Անդրադառնալով այն տեսակետին, թե Թուրքիայի հետ արձանագրությունների ստորագրումն ու հարաբերությունների հաստատումը կարող է կասկածի տակ դնել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության փաստը, նախագահն ասել է. «Առանց եթեների, միանշանակ պնդում եմ, որ նման բան գոյություն չունի»:
Անդրադառնալով նախաստորագրված արձանագրություններով ենթադրվող պատմական հարթության խնդիրներով զբաղվող ենթահանձնաժողովում Թուրքիայի կողմից Ցեղասպանության եղելությունը քննարկելու եւ կասկածի տակ առնելու հնարավորությանը` Նախագահ Սերժ Սարգասյանն ասել է. «Հայոց Ցեղասպանության եղելությունը ապացուցման անհրաժեշտությունը չունի: Եվ Թուրքիայի իշխանությունները ստիպված են լինելու վաղ թե ուշ հաշվի նստել 1.5 միլիոն անմեղ զոհերի ու տարագրված մի ողջ ժողովրդի սերունդների ցավի ու կատարված եղեռնագործության փաստի հետ: Միակ խնդիրը, որ մենք կարող ենք քննարկել, դա այն է, թե ինչպե՞ս կարող ենք օգնել Թուրքիայի ժողովրդին ավելի անաչառ լինելու սեփական պատմության էջերը թերթելու հարցում: Ավելի հստակ, թե ինչպես կարելի է վերացնել Ցեղասպանության հետեւանքները»:
Մեկ այլ մտահոգության առնչությամբ, թե հարաբերությունների հաստատումը Թուրքիայի հետ կարող է հարվածել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, Սարգսյանն ասել է. «Անշուշտ կհարվածի, եթե աշխարհասփյուռ հայերն իրենք սկսեն հավատալ դրան: Եվ հակառակը. նոր որակ կհաղորդի գործընթացին, եթե հայությունը տեսնի բացվող հնարավորությունները եւ նոր եռանդով գործի անցնի»:
Ըստ նախագահի՝ նախաստորագրված արձանագրությունները ոչ մի կապ չունեն Արցախի խնդրի հետ: «Ակնհայտ է, որ այնտեղ ակնարկ անգամ չկա Ղարաբաղի մասին: Մեր դիրքորոշումը հստակ է. արցախյան կարգավորման հարցը չի գտնվում եւ չի կարող գտնվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տիրույթում: Սա Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է: Ասեմ ավելին, արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացը դեռեւս բավականին աշխատանք է պահանջում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ մոտակա ժամանակաշրջանում այդ խնդրի կարգավորման համաձայնագրի ստորագրումը իրատեսական չէ:
Խոսելով նախաստորագրված փաստաթղթերի մասին՝ Սերժ Սարգսյանն ասել է. „Ես քաջ գիտակցում եմ, թե ինչ դռներ են բացում այս արձանագրություններն ու ընթացող գործընթացը: Իմ վերջին շրջանի ելույթներում ես անընդհատ նույն հարցն եմ բարձրացնում. արդյո՞ք մենք դռներ ենք փակում: Վստահ եմ` ոչ: Իրականությունն այն է, որ սա համաձայնություն է երկու սուվերեն երկրների միջեւ, հետեւաբար` ընդունելի եւ չընդունելի է երկու կողմի համար էլ: Բայց, իրականում մեզ հաջողվել է շարժվել առկա խնդիրների լուծման համար մեխանիզմների կայացման ճանապարհով` բուն լուծումները թողնելով ապագա համատեղ աշխատանքի դաշտում: Կարծում եմ, որ մեզ հաջողվել է ստանալ փաստաթուղթ, որը ոչինչ անդառնալի չի դարձնում, փոխարենը հնարավորություններ է բացում աշխատելու բոլոր նպատակների ուղղությամբ“:
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համատեքստում որոշ քաղաքական ուժերի կողմից արվող հայտարարություններին ու ձեռնարկված անընդունելի քայլերին՝ Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է.»Ես խորը հարգանքով եմ վերաբերում գործընթացի շուրջ առկա բոլոր տեսակետներին ու հնչող բոլոր կարծիքներին: Բայց, եթե որեւէ մեկն իր գործողություններով փորձում է ինձ սպառնալ, ապա նա, հավանաբար, շատ միամիտ է":
Հոկտեմբերի 3-ի առավոտյան արդեն Սերժ Սարգսյանը, շարունակելով մեկշաբաթյա համահայկական ուղեւորությունը, մեկնել է Նյու Յորք, որտեղ հանդիպում կունենա ԱՄՆ-ի Արեւելյան ափի եւ Կանադայի հայաշատ համայնքների, կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների հետ:



























