Մագագասկարի նախագահ Անդրի Ռաձուելինան պաշտոնապես գործարկել է խոտաբույսերի հիմքով «կորոնավիրուսի դեմ միջոցի» տեղական արտադրություն, հայտնում է AFP-ն:
«Կատարվել են թեստավորումներ. երկու մարդ ապաքինվել է այս բուժման շնորհիվ»,- նախարարներին, դիվանագետներին եւ լրագրողներին ասել է Ռաձուելինան այս միջոցի մշակմամբ զբաղվող Մալագասիական կիրառական հետազոտությունների ինստիտուտում:
«Այս բուսական թեյը արդյունք է տալիս 7 օրվա ընթացքում»,- նշել է Մադագասկարի նախագահը:
Ռաձուելինան միջոցի իր չափաքանակը ընդունել է հետեւյալ խոսքով. «Ես կլինեմ առաջինը, ով այն կխմի այսօր, ձեր աչքերի առաջ՝ ձեզ ցույց տալու համար, որ արտադրանքը բուժում է եւ չի սպանում»:
Մալագասիական կիրառական հետազոտությունների ինստիտուտի հայտարարության համաձայն՝ ըմպելիքը կոչվում է Covid-Organics եւ պատրաստված է օշինդրից, որի արդյունավետությունն ապացուցվել է մալարիան բուժելիս, ինչպես նաեւ մի շարք այլ բույսերից:





























