Աշխարհում խոշորագույն «Օկտոբերֆեստ» փառատոնը, որը սեպտեմբերի 19-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը պետք է անցներ Մյունխենում, դարձել է համավարակի եւս մեկ զոհը։ Ազգային տոնի չեղարկման մասին ապրիլի 21-ին հատուկ մամուլի ասուլիսում հայտարարել են Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերը եւ Մյունխենի օբեր-բուրգոմիստր Դիտեր Ռայտերը։
«Սա զգացմունքային դժվար պահ է անձամբ ինձ համար եւ տնտեսական բարդ պահ այս քաղաքի համար»,- նշել է Ռայտերը։
Փառատոնը, որին մասնակցելու ամեն տարի գալիս էր մոտ 6 միլիոն երկրպագու, գարեջրի գործարաններին, տոնի կազմակերպիչներին, ինչպես նաեւ արտիստներին, հյուրանոցների սեփականատերերին, տաքսու վարորդներին մինչեւ 1,3 մլրդ եվրո էր բերում, հայտնում է DW-ն։
Մարկուս Զյոդերը «Օկտոբերֆեստի» չեղարկումը բացատրել է նոր կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ մեծացման վտանգով՝ հաշվի առնելով գարեջրային վրաններում գարեջուր խմող եւ տոնող մարդկանց սոցիալական հեռավորությունը պահպանելու անհնարինությունը։
Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի տվյալներով, որը մասնագիտանում է վարակիչ հիվանդությունների ուսումնասիրման մեջ, Բավարիան Գերմանիայում բացարձակ առաջատար է մնում ինչպես կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի (38 310), այնպես էլ մահերի (1336) թվով։
«Օկտոբերֆեստն» առաջին անգամ անցկացվել է 1810 թվականին՝ ապագա բավարական թագավոր Լյուդվիգ I-ի հարսանիքի առիթով։ 19-րդ դարում տոնը չեղարկվել է ընդամենը երկու անգամ՝ խոլերայի համաճարակի հետ կապված։ Այժմյան չեղարկումը առաջինն է «Օկտոբերֆեստի» հետպատերազմյան 70-ամյա պատմության մեջ։





























