Գործարար միջավայրի բարելավման նպատակով Պետեկամուտների կոմիտեն հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերի կրճատման քաղաքականություն է վարում: Այս մասին այսօր` ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Այդ գործընթացում ՊԵԿ-ի կողմից կրճատվել է հարկ վճարողներից պահանջվող 57 դիմումների եւ տեղեկանքների քանակը:  Արդյունքում բացառվում է գործարարի կողմից անհարկի ժամանակի վատնումը եւ նվազագույնի է հասցվում շփումը հարկային մարմինների հետ:

Եթե մինչ այժմ  հարկ վճարողը պարտավոր էր որեւէ գործողություն իրականացնելիս` ամեն անգամ դիմումներ ներկայացնել` իր պարտավորությունների, կարգավիճակի, դրամարկղային, հաշվառման գրքեր գրանցելու, ՀԴՄ հաշվառման կամ հաշվառումից հանելու հետ կապված եւ այլն, ապա այսօր իրավիճակն այլ է. հարկատուն այլեւս պարտադրված չի այցելի հարկային մարմին:

Փոխարենն ակտիվացվում է էլեկտրոնային շփումը` այդ գործառույթներն աստիճանաբար տեղափոխելով հարկ վճարողների սպասարկման կենտրոն:

Գործարար դաշտում սրանք խիստ եվրոպականացված եւ համարձակ հեղափոխական քայլեր են: Այսպիսով շատ լուրջ փոփոխություն է կատարվում այս ուղղությամբ` նաեւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման առումով: Սա լավ հիմք է եւ արդյունավետ գործիք` հարկային վարչարարության էական բարեփոխում իրականացնելու համար: