Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը «աննկարագրելի խայտառակություն» է անվանել հակաիսրայելական ակտիվիստների միջամտությունը Գերմանիայում Իսրայելի դեսպանատան հեռարձակմանը Zoom հավելվածում, հայտնում է DW-ն:
«Այս ինչ անսահման անարգանք է վերապրածների եւ մահացածների հիշատակի նկատմամբ»,- գրել է նա երեքշաբթի` ապրիլի 21-ին, Twitter սոցիալական ցանցում:
Նախօրեին Գերմանիայում Իսրայելի դեսպան Ջերեմի Իսահարոֆը հայտնել էր, որ անհայտ անձինք կոտրել են դեսպանատան կազմակերպած զրույցը Իսրայելի` Հոլոքոստը վերապրած բնակիչ Զվի Հերշելի հետ Zoom հարթակում: Կոտրելով հեռարձակումը` հաքերներն ընդհատել են այն Ադոլֆ Հիտլերի լուսանկարներով, հակահրեական կարգախոսներով եւ պոռնո հոլովակներով:
«Սա եւս մի օրինակ է, որը ես կարող եմ օգտագործել»,- հայտարարել է Զվի Հերշելը, ով զեկույցներ է կարդում Հոլոքոստի վերաբերյալ ամբողջ աշխարհում: Նացիստական բռնապետության օրոք նրա բոլոր հարազատները սպանվել են, բացի տատիկից:
Իսրայելի դեսպանատունը Հերշելի հետ զրույցը հեռարձակել էր Facebook-ի իր էջին: Ցանկացած մարդ կարող է մասնակցել դրան: Վերջին շաբաթների ընթացքում Zoom-ը քննադատության է ենթարկվում անվտանգության եւ գաղտնիության հետ կապված խնդիրների համար:





























