Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի կարգադրությունը`փոխել Գյումրիի նոր կառուցվող առողջության կենտրոնի նախագիծը, չի կատարվել: Շինարարությունն իրականացնող «Միլաքս գրուպ» ՓԲԸ աշխղեկների հավաստումներով, «նախագծում հնարավոր չեն նոր փոփոխությունները, քանի որ բժշկական կենտրոնի հիմքերը գցված են արդեն, ավարտվել է նաեւ շինաշխատանքների առաջին փուլը»:
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Գյումրիում առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ծանոթանալով նոր բժշկական կենտրոնի շինարարության հետ, հայտարարել էր, որ իրեն դուր չի եկել նոր կառուցվող բժշկական կենտրոնի նախագիծը, եւ հրահանգել էր, որ այն պետք է ենթարկվի փոփոխության: Մասնավորապես նախարարը նշել էր, որ կառուցվող հիվանդանոցը պետք է սպասարկի ե’ւ մեծահասակներին ե’ւ մանկահասակներին: Նոր կառուցվող բազմաֆունկցիոնալ հիվանդանոցը 200 մահճակալ հզորությամբ է լինելու, ուր տեղակայվելու են Գյումրիի Գյուլբենկյանի անվան Վիրաբուժական, «Սամարիթեր» եւ Մարզային հիվանդանոցները:





























