Հոկտեմբերի 2-ին «Միկա» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում կայացավ Հայաստանի եւ Վրաստանի վետերանների ֆուտբոլային հանդիպումը: Կաշվե գնդակի երկարամյա սիրահարները, որոնք տեղյակ էին կայանալիք խաղի մասին, դրան սպասում էին անհամբերությամբ: Առաջ ընկնելով, նշենք, որ նրանք չհիասթափվեցին: Մարզադաշտում մոտ հազար երկրպագու էր հավաքվել, որոնք աջակցում էին երկու թիմերին էլ:
Հայաստանի հավաքականի կազմում դաշտ էին դուրս եկել մեր ֆուտբոլի այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են Սերգեյ Պողոսյանը, Էդուարդ Մարկարովը, Սուրեն Մարտիրոսյանը, Նորայր Մեսրոպյանը, Նիկոլայ Ղազարյանը, Խորեն Հովհաննիսյանը, Արմեն Սարգսյանը, Բաբկեն Մելիքյանը եւ այլոք: Թիմի գործողությունները ղեկավարում էր Հովհաննես Աբրահամյանը:
Հյուրերի կազմում հանդիսատեսը տեսավ այնպիսի անվանի մարզիկների, ինչպիսիք են Ալեքսանդր Չիվաձեն, Ռամազ Շենգելիան, Թենգիզ Սուլաքվելիձեն, Օթար Գաբելիան, Գիվի Նոդիան: Վրացական թիմի մարզիչն էր Սերգեյ Կոտրիկաձեն:
Իհարկե, մարզիկների արագությունն ու ֆիզիկական պատրաստվածությունն այն չէր, սակայն հանդիսատեսը կարող էր տեսնել, որ նրանց վարպետությունը դեռ չի խամրել: Դաշտում կար ամեն ինչ՝ հրաշալի տեխնիկա, միլիմետրի ճշտության փոխանցումներ, հուժկու եւ դիպուկ հեռահար հարվածներ: Ողջ խաղի ընթացքում մեկնաբաններ Սլավա Սարգսյանն ու Սուրեն Բաղդասարյանը մեկնաբանում էին դաշտում կատարվածը:
Ինչ վերաբերում է հաշվին, նշենք, որ հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 5:4 հաշվով, սակայն առաջին հերթին հաղթեց բարեկամությունը:



























