Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին վարշավյան գետտոյում հրեական ապստամբության վերջին ղեկավար, քաղաքական եւ հասարակական հայտնի գործիչ Մարեկ Էդելմանը վախճանվել է 90 տարեկան հասակում,- հայտնում է BBC-ն։
Էդելմանը ծնվել է Բելառուսում, հետո ծնողների հետ տեղափոխվել Լեհաստան։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի սկզբին նա հայտնվել է վարշավյան գետտոյում, որտեղ զբաղվել է քարոզչական նյութերի գաղտնի տարածմամբ։ 1943թ. ապրիլին, երբ ֆաշիստները որոշեցին ոչնչացնել գետտոն, որտեղ շուրջ 60 հազար մարդ կար, Էդելմանը այլ ակտիվիստների հետ ապստամբություն ձեռնարկեց։ 1981թ. նա ձերբակալվեց Լեհաստանի Կոմունիստական կուսակցության կողմից, սակայն կոմունիզմի փլուզումից հետո ընտրվեց լեհական սեյմի՝ խորհրդարանի, պատգամավոր։
1998թ. ապրիլին Լեհաստանի նախագահը Էդելմանին պարգեւատրել է լեհական բարձրագույն պարգեւով՝ «Սպիտակ արծիվ» շքանշանով։ 2008-ի ապրիլին Էդելմանը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից պարգեւատրվել է «Պատվո լեգեոնի» շքանշանով։




























