Աբու Դաբին եւ Դուբայը հայտարարել են առեւտրի կենտրոնները բացման համար նախապատրաստելու մասին՝ մահմեդականների համար սուրբ Ռամադան ամսվա նախօրեին բիզնեսի սեփականատերերի եւ գնորդների համար ուղեցույց թողարկելով։
Բացման ստույգ ամսաթվերը եւ ժամկետները դեռեւս հայտարարված չեն, հայտնում է CNBC-ը։
Ուղեցուցային սկզբունքները, որ հրատարակել է Աբու Դաբիի տնտեսական զարգացման վարչությունը եւ Դուբայի կառավարությունը, նախատեսում են աշխատաժամանակի սահմանափակում, ինչպես նաեւ աշխատակիցների եւ հաճախորդների հնարավորությունների սահմանափակումներ։
Աբու Դաբիի առեւտրի կենտրոնները հանրության համար բաց կլինեն միայն 14։00-ից մինչեւ 21։00-ն, իսկ Դուբայում՝ օրական 10 ժամից ոչ ավելի։
Երկու էմիրություններում էլ հաճախորդների ծավալը կսահմանափակվի առեւտրի կենտրոնի տարողունակության 30%-ով, ընդ որում՝ հաճախորդներին թույլատրված է առեւտրի կենտրոնում գտնվել առավելագույնը երեք ժամ։ Բոլոր սենսորային էկրանները կանջատվեն, հասանելի ավտոկայանատեղիները կկրճատվեն 50%-ով՝ Աբու Դաբիում, եւ 75%-ով՝ Դուբայում, կարգելվի 60-ից բարձր տարիք ունեցողների մուտքը։ Դուբայում նաեւ կարգելվի 2-13 տարեկան երեխաների մուտքը։
Դիմակ կրելը պարտադիր կլինի բոլոր այցելուների եւ աշխատակիցների համար, իսկ առեւտրի կենտրոնները պետք է մեկուսացման սենյակներ ունենան։
Առեւտրի կենտրոններում կպահանջվի շուրջօրյա մաքրություն, ինչպես նաեւ հագուստի, զարդերի ախտահանում եւ իրերի սանիտարական մշակում։
Ռեստորաններն ու սրճարանները 30%-ով կկրճատեն նստելու տեղերը եւ աթոռներն ու սեղանները բոլոր հաճախորդների համար միմյանցից առնվազն 6 ֆուտ հեռավորությամբ կտեղադրեն Դուբայում եւ առնվազն ութ ֆուտ հեռավորությամբ՝ Աբու Դաբիում։
Մարզասրահները, կինոթատրոնները, աղոթքի սենյակները, հանգստի հասարակական վայրերը եւ այլ զվարճանքի կենտրոնները փակ կմնան։





























