Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն հայտարարել է երկրի խորհրդարանում կորոնավիրուսով վարակվելու սպառնալիքի մասին, երբ պատգամավորները որոշում են ընդունել առողջապահական համակարգի աջակցության օրենքի վրա նրա դրած վետոն հաղթահարելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:

«Համաճարակի զսպման միջգերատեսչական խումբը հայտարարել է Ազգային ասամբլեայի երկնագույն դահլիճում կորոնավիրուսով հիվանդանալու կասկածի մասին: Խորհուրդ է տրվում փակել լիագումար նիստը, եւ բոլոր պատգամավորներն ու անձնակազմը որոշ ժամանակով ինքնամեկուսանան, մինչեւ կհաստատվեն կամ կբացառվեն կասկածելի դեպքերն ու կապերը»,- իր Twitter-յան էջում գրել է Բուկելեն:

La Prensa Grafica պարբերականը նշում է, թվիթի հրապարակման պահին պատգամավորները քվեարկել են օրենքի վրա նախագահական վետոն հաղթահարելու հարցով. օրենքով COVID-19-ի դեմ պայքարի ֆոնին բժշկական ապահովագրություն եւ համապատասխան սարքավորումներ էին տրամադրվում բուժանձնակազմին:

Խորհրդարանը հայտարարել է, որ օրենքը վավերացրել է: Դրա վրա վետո էր դրվել, քանի որ, նախագահի խոսքով, օրենքի իրականացման ֆինանսավորումն ապահովված չէր:

«Առողջապահության աշխատակիցները գիտեն, որ մենք իրենց մասին հոգ ենք տանում: Բոնուսներ, սարքավորումներ, պաշտպանական հանդերձանք, դեղեր, հյուրանոցներ եւ անվճար սնունդ... Դրանից բացի, մենք աշխատում ենք մեր հերոսների համար արտոնությունների լրացուցիչ փաթեթի վրա: Բայց Ազգային ասամբլեան օրենքներ է ուղարկում, որոնք թեւքի միջից է հանում՝ առանց տեխնիկական եւ, ինչն ավելի վատ է, ֆինանսական աջակցության: Դրանք չեն կարող հավանություն ստանալ, առավել եւս կատարվել»,- երկուշաբթի նշել էր Բուկելեն:

Վարակվելու վտանգի մասին նախագահի խոսքից որոշ ժամանակ անց Ազգային ասամբլեայի ղեկավարը նիստը փակել է, այն շարունակվելու է ուրբաթ առավոտյան: Ընդ որում՝ Բուկելեն պատգամավորներին խորհուրդ է տվել հերթական նստաշրջանից առաջ շենքն ախտահանել: