ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox News-ի եթերում կրկին քննադատել է Չինաստանին՝ մեղադրելով կորոնավիրուսի մասին տեղեկությունները թաքցնելու մեջ, սակայն հիմա նա առավելագույնս հստակ էր:

«Չինաստանը չափազանց մեծ ցավ է պատճառել, մարդկային կորուստներ, իսկ հիմա՝ ահռելի մարտահրավեր գլոբալ տնտեսության, ինչպես նաեւ ամերիկյան տնտեսության համար՝ չհայտնելով իր տրամադրության տակ եղած տեղեկությունները»,- շեշտել է նա:

ԱՄՆ պետքարտուղարը վստահ է, որ Չինաստանը պատասխանատվության կենթարկվի «կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկությունները թաքցնելու» պատճառով:

«Ես միանգամայն համոզված եմ, որ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը կվճարի այն բանի դիմաց, ինչ արել է այստեղ»,- նշել է Պոմպեոն՝ ընդգծելով, որ Չինաստանին պատասխանատվության կկանչի հենց ԱՄՆ-ն:

ԱՄՆ պետքարտուղարն ավելի վաղ արդեն հայտարարել էր Չինաստանի իշխանությունների կողմից տեղեկությունները թաքցնելու մասին՝ դրա մեջ մեղադրելով նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը: