Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն սպառնացել է ռազմական դրություն հայտարարել երկրում կորոնավիրուսի կապակցությամբ հայտարարված կարանտինի ընթացքում սննդի եւ ֆինանսական միջոոցների մատակարարումն ուղեկցող երկու զինվորի սպանությունից հետո, հայտնում է Associated Press-ը: Դուտերտեն զինծառայողների սպանության համար մեղադրել է կոմունիստ ապստամբներին:

Ինչպես հայտնել է Դուտերտեի մամուլի քարտուղար Հարի Ռոքեն, իր կաբինետի հետ հանդիպման ժամանակ երկրի  ղեկավարը հաստատել է նաեւ կարանտինի երկարաձգումը մինչեւ մայիսի 15-ը:

«Ես նախազգուշացնում եմ յուրաքանչյուրին եւ տեղեկացնում եմ զինված ուժերին եւ ոստիկանությանը, որ կարող եմ ռազմական դրություն հայտարարել: Հետ ճանապարհ չկա: Ես եւս երկու տարի ունեմ: Ես կփորձեմ վերջ տալ բոլորիդ... դուք պետք է հեռանաք եւ թաքնվեք»,- ասել է Դուտերտեն իր հեռուստատեսային ուղերձի ընթացքում` տեղի ունեցածի համար  մեղադրելով կոմունիստական «Նոր ժողովրդական բանակ» շարժմանը:

Կոմունիստները հերքում են իրենց դեմ առաջադրված մեղադրանքները: