ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե տեղեկությունն այն մասին, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը վիրահատությունից հետո «ծանր հիվանդ» է, «ստույգ» չի համարում, հայտնում է Fox News-ը: 

«Ես լսում եմ, որ նրանք օգտվել են հին փաստաթղթերից: Ես լսում եմ, որ այդ հաշվետվությունը սխալ հաշվետվություն էր: Ես հուսով եմ, որ դա սխալ հաշվետվություն էր»,- ասել է նա Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ:

Թրամփը երեքշաբթի հայտարարել էր, որ Կիմ Չեն Ընին առողջություն է մաղթում, ընդ որում՝ ընդգծել էր, որ այդ տեղեկության հավաստիության մասին ոչ մի բան չգիտի եւ այնքան էլ չի վստահում CNN-ի լրագրողների տեղեկության արժանահավատությանը:

Նա նաեւ նշել էր, որ կարող է կապ հաստատել Հյուսիսային Կորեայի իշխանությունների հետ եւ հարցնել Կիմ Չեն Ընի մասին, բայց հինգշաբթի Թրամփը հայտարարել էր, թե չի ցանկանում խոսել այն հարցի շուրջ՝ հարցրել է արդյոք Հյուսիսային Կորեայի առաջնորդի առողջության մասին, թե ոչ:

«Մենք Հյուսիսային Կորեայի հետ լավ հարաբերություններ ունենք: Ես Կիմ Չեն Ընի հետ լավ հարաբերություններ ունեմ, եւ հույս ունեմ, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է: Կարծում եմ, որ դա ֆեյք հաշվետվություն է, որը պատրաստել է CNN-ը»,- ամփոփել է Թրամփը: