Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես կգան COVID-19-ի դեմ դեղամիջոցների, թեստերի եւ պատվաստանյութերի մշակման արագացման եւ ամբողջ աշխարհով դրանց տարածման վերաբերյալ գլոբլ նախաձեռնությամբ: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, հայտնում է Reuters-ը:
ԱՀԿ-ի մամուլի խոսնակ Ֆադելա Չաիբը հայտարարել է, որ Մակրոնը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կհայտարարեն COVID-19-ի կանխարգելման, ախտորոշման եւ բուժման անվտանգ, արդյունավետ դեղամիջոցների, թեստերի եւ պատվաստանյութերի մշակման արագացման համար նախաձեռնության մասին:
Ինչպես Reuters գործակալությանը հայտնել են դիվանագիտական աղբյուրները, միջոցառմանը կմասնակցեն նաեւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
«Այսօր բոլոր այս գործընկերները կհայտարարեն կորոնավիրուսի դեմ պայքարի նոր գործիքների ապահովման քաղաքական հանձնառության մասին: Շատ կարեւոր է ապահովել COVID-19-ի դեմ պայքարի որակյալ, արդյունավետ, նոր գործիքների հավասար հասանելիությունը»,- ասել է նա:
Ըստ GAVI պատվաստանյութային դաշինքի գործադիր տնօրեն, դոկտոր Սեթ Բերքլիի` COVID-19-ի դեմ հարյուրից ավել հավանական պատվաստանյութեր են մշակվում, որոնցից վեցն արդեն կլինիկական փորձարկումներ են անցնում: Բերքլիի խոսքով` գլոբալ արտադրական հզորությունները պետք է մեծացվեն` մինչեւ «հաղթող» պատվաստանյութի ընտրությունը:





























