Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Թուրքիային մեղադրել է միջազգային հանրությանը չհարգելու մեջ։ Իր տեսակետը նա հնչեցրեց այսօր՝ ապրիլի 29-ին ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Պատասխանելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ վերջերս հայկական լրատվամիջոցներից մեկին տրված հարցազրույցի վերաբերյալ հարցին՝ նախարարը նշեց, որ չի կարծում, թե այդ հարցազրույցը դրական իմպուլսներ է կրում։ Նալբանդյանի խոսքով, բացի սովորական «լո-լո»-ից, կրկին պայմաններ են առաջ քաշվում։ Դրանով, ըստ նախարարի, Թուրքիան չի հարգում իր պարտավորությունները եւ միջազգային հանրությանը, որը կողմ է հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը՝ առանց նախապայմանների։ «Ինչի՞ է ձգտում սրանով Թուրքիան։ Չեմ կարծում, որ նրան կհաջողվի ինչ-որ բանի հասնել»,- հայտարարեց Էդվարդ Նալբանդյանը։
Նշենք, որ հայ-թուրքական արձանագրությունները 2009 թվականի հոկտեմբերին ստորագրվել էին Ցյուրիխում։ Անկարայի ապակառուցողական դիրքորոշման հետեւանքով փաստաթղթերի վավերացման գործընթացը «սառեցվել» է։



























