Հայերը երբեք չեն ապաքինվել այդ սարսափելի ողբերգությունից: Այս մասին հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ իր ուղերձում նշել է Ալֆորվիլ քաղաքի նախկին քաղաքապետ, Ֆրանսիայի Հանրապետության 11-14-րդ գումարումների Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախկին ղեկավար, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ և նախկին փոխնախագահ Ռընե Ռուքեն:

Ուղերձում ասվում է. «Սիրելի ընկերներ,

Այսօր՝ 2020 թ․ ապրիլի 24-ին 1915 թ․ Հայոց ցեղասպանության հիշատակման օրը նման չէ մյուսներին և մենք զգում ենք այս պահի ողջ հուզմունքը։

Մեզնից յուրաքանչյուրիս համար այդ ողբերգության հետ կապված հուզմունքը խորն է և մշտական։ 1915 թ․ հայերի նկատմամբ իրագործված Ցեղասպանությունը հիշատակելով՝ ուզում ենք մարդկանց գիտակցությանն ի ցույց դնել մի ողջ ժողովրդի նկատմամբ իրականացված վայրագության իրականությունը։

Մենք հիշեցնում ենք ինքներս մեզ, մեր երեխաներին, մեր ընկերներին, նաև բոլոր նրանց, ովքեր անհաղորդ չեն մարդկային կյանքի հանդեպ և ականջալուր են լսելու իրենց եղբայրների տանջանքների ճիչը, քանի որ հենց տանջանքների մասին է խոսքը։ Հայերը երբեք չեն ապաքինվել այն սարսափելի ողբերգությունից, որը նրանց հետ պատահեց 105 տարի առաջ:

Ժամանակն աստիճանաբար մեղմացնում է այդ հիշողությունները՝ հեռացնելով դրանց ողբերգականությունը։ Հարկ է արձանագրել, որ տարիները չեն քայքայել Օսմանյան կայսրության դահիճների կողմից ստեղծված սարսափի կոթողը։

Հայոց ցեղասպանությունը լույս սփռեց դաժանության այն անհավատալի իրողության վրա, թե ինչերի է պատրաստ մարդը մի ազգի ոչնչացման իր վճռական ցանկությանը հասնելու համար։

Այս է պատճառը, որ մենք պետք է հիշեցնենք աշխարհին Հայոց ցեղասպանության գոյության մասին.

●             Որպեսզի դատապարտվեն պատճառները՝ ազգայնականությունը և վերջինիս դրդապատճառները, անհանդուրժողականությունն ու տարբերությունների մերժումը, ժողովրդավարության բացակայությունը,

●             որպեսզի հարգանքի տուրք մատուցվի զոհվածներին, ամբողջական դառնա նրանց հիշատակի նկատմամբ հարգանքը,

●             որպեսզի վերջապես միջազգային ճանաչում ստանա 20-րդ դարի՝ 1915 թ․ տեղի ունեցած առաջին ցեղասպանությունը։

Շնորհակալություն ուշադրության համար և հոգ տարեք ձեր մասին: