ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը համարում է, որ ներկայիս միտումները պահպանվելու դեպքում կորոնավիրուսի շուրջ ճգնաժամը կարող է «մնալ անցյալում» հունիսի սկզբին:

Առաջիկա օրերին որոշ նահանգներ կսկսեն վերականգնել տնտեսական գործունեությունը. Օկլախոմայում, Կոլորադոյում, Ջորջիայում, Թենեսիում, Հարավային Կարոլինայում եւ Տեխասում կչեղարկվեն մի շարք սահմանափակումներ, որոնք մտցվել էին վիրուսի տարածումը զսպելու նպատակով: Մյուս նահանգները, այդ թվում՝ Հյուսիսային Դակոտան, Հարավային Դակոտան, Այովան, Մոնտանան եւ Վայոմինգը, այդպես էլ չէին հաստատել տանը մնալու պայմանը, հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն:

«Ես իսկապես կարծում եմ, որ, եթե ներկայիս միտումները շարունակվեն, հունիսի սկզբին կորոնավիրուսի պանդեմիան զգալի չափով կմնա անցյակում, եւ մեր երկիրը կսկսի բացվել եւ վերադառնալ աշխատանքին»,-ասել է Փենսը:

Փենսը, որը գլխավորում է կորոնավիրուսի դեմ պայքարի Սպիտակ տան աշխատանքային խումբը, նշել է, որ չի զարմանա, եթե պարզվի, որ երկրում շատերն արդեն հիվանդացել են կորոնավիրուսով եւ այժմ ունեն իմունիտետ: «Դա պատճառներից մեկն է, որ եթե հետագայում լինի նոր կորոնավիրուսի բռնկում, մեր երկիրը կհայտնվի առավել շահավետ դրության մեջ».-հավելել է Փենսը:

«Եթե առաջին հետազոտությունների արդյունքները հաստատվեն, հաջորդ տարվա աշնանը կամ ձմռանը կլինեն բազմաթիվ ամերիկացիներ, որոնք կունենան որոշակի իմունիտետ կորոնավիրուսի նկատմամբ: Դա կլինի իսկական ամրոց ընդդեմ այդ հիվանդության»,-նշել է նա: