Բրազիլիայի արդարադատության նախարար Սերխիո Մորոն հրաժարական է տվել` նախագահ Ժաիր Բոլսոնարուին մեղադրելով քաղաքական միջամտության համար, հայտնում է BBC News-ը:

Մորոն շատ պոպուլյար է Բրազիլիայում. հենց նա էր այն դատավորը, ով բանտ նստեցրեց երկրի նախկին նախագահ Լուլու դա Սիլվային: Նշվում է, որ արդարադատության նախարարության ղեկավարը հայտարարել է իր հրաժարականի մասին նախագահի կողմից դաշնային ոստիկանության պետին պաշտոնից հեռացվելուց հետո: Մորոն հայտարարությամբ էր հանդես եկել, որի ընթացքում նա նշել էր, որ նախագահը ցանկանում է տեսնել այս պաշտոնում մեկին, ում հետ ուղիղ կապ կարող է պահել: Դրանից հետո ելույթ ունեցած Բրազիլիայի նախագահը հերքել է իր դեմ առաջադրված մեղադրանքները` դրանք անհիմն անվանելով: «Այդ նշանակումն իմն է, իմ առանձնաշնորհը, եւ այն օրը, երբ ես կենթարկվեմ իմ ենթականերից մեկին, վերջինը կլինի հանրապետության նախագահի պաշտոնում»,- ասել է Բոլսոնարուն:

Սակայն Բրազիլիայի դատախազ Ավգուստո Արասը դիմել է Գերագույն դատարանին` խնդրելով թույլ տալ հետաքննություն անցկացնել  երկրի նախագահի դեմ Մորոյի մեղադրանքների վերաբերյալ: