Ռուսաստանը Միացյալ Նահանգներից կոնկրետ առաջարկներ է սպասում ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը վերսկսելու ժամկետների վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Մեծ խաղ» ծրագրի եթերում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախարարը պատմել է, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ վերջերս կայացած զրույցի ժամանակ Մայք Պոմպեոն բարձրացրել է ռազմավարական կայունության բանակցությունների թեման: «Ես, ի թիվս այլ հարցերի, հիշեցրեցի Մայք Պոմպեոյին ոչ միայն այն մասին, որ մենք կոնկրետ առաջարկներ ենք ակնկալում մեր ամերիկացի գործընկերների կողմից ռազմավարական կայունության շուրջ երկխոսության վերսկսման ժամկետների վերաբերյալ, այլ նաեւ այն մասին, որ բանակցությունների սեղանին դրված է նաեւ կիբերանվտանգության հարցով երկկողման խմբի աշխատանքը վերսկսելու մեր առաջարկը»,- հայտարարել է նա:
Լավրովը պարզաբանել է, որը զրույցը տեղի է ունեցել նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջեւ հեռախոսային կապերի զարգացման շրջանակներում: Ըստ նրա` առաջնորդները խոսել են եւ կորոնավիրուսի, եւ նավթային շուկաներում տիրող իրավիճակի մասին, եւ այն մասին, որ «կարեւոր է նոր եւ լուրջ ձեւով վերսկսել մեր երկխոսությունը ռազմավարական կայունության բոլոր խնդիրների շուրջ»:




























