Գերմանիայում զբոսաշրջային գործակալությունների եւ օպերատորների շուրջ 60 տոկոսը կանգնած է սնանկ ճանաչվելու սպառնալիքի առաջ կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին ոլորտի անկման պատճառով, հաղորդում է DW-ը։

Մինչդեռ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մասը նախազգուշացրել է, որ սիրված զբոսաշրջային տարածքները դեռեւս հասանելի չեն լինի։ «Եվրոպական մրցավազքն այն հարցում, թե ով առաջինը թույլ կտա զբոսաշրջային ուղեւորությունները, հանգեցնում է անթույլատրելի ռիսկերի»,-համոզված է նախարարը։ Ընդ որում՝ նա հիշեցրել է սիրված լեռնադահուկային գոտում՝ Ավստրիայի Իշգլում, վարակվածների մեծ թվի մասին։ «Մենք արդեն հասկացել ենք, թե ինչպիսի հետեւանքներ կարող է ունենալ վարակիչ կլաստերը զբոսաշրջիկների համար, եթե այն գտնվում է հայտնի հանգստավայրում։ Դա չպետք է կրկնվի»,-նախազգուշացրել է Գերմանիայի ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ Եվրոպայում անհրաժեշտ են միասնական չափորոշիչներ տեղաշարժման ազատությունը վերականգնելու համար։ Չպետք է ընտրել «հնարավորինս արագ, սակայն պետք է մոտենալ այդ հարցին անհրաժեշտ պատասխանատվությամբ»,-կարծում է Մասը։

Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի տվյալներով՝ 83 միլիոն բնակչություն ունեցող Գերմանիայում ապրիլի 25-ի դրությամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 152 438 դեպք, մահացել է 5500 մարդ։