Հրազդանում երկաթե հանքի շահագործման հետեւանքով խմելու ջուրը վտանգի կենթարկվի: Այսօր` ապրիլի 29-ին այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել են հայ բնապահպանները:

«Հրազդանը եւ մեր խմելու ջրերը վտանգված են: Եթե այնտեղ ունենք աղտոտող ձեռնարկություններ, ապա մեր խմելու ջրերը վտանգված են: Չկա բնապահպանական փորձաքննություն: Եթե վերեւից նայենք, կտեսնենք, որ լանդշաֆտը նման է հրաբխի»,- ասել է «Հայ սեյսմոլոգների միություն» ՀԿ-ի նախագահ Քնարիկ Հովհաննիսյանը:

ԱԺ բնապահպանական, սոցիալական եւ առողջապահական հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Թադեւոսյանն էլ նշել է, որ հանքը գտնվում է հենց Հրազդան քաղաքում, ոչ թե քաղաքից դուրս եւ մեծ վտանգ է ներկայացնում ազգաբնակչության համար: «Հրազդանի հանքը հին պատմություն ունի, այն հայտնի է դեռեւս 1944թ: Խորհրդային տարիներին այն չշահագործեցին, քանի որ ավելի շատ բնապահպանական աղետների էր հանգեցնելու, քան օգուտ էր տալու, թեեւ այն շահագործելը տնտեսապես շահութաբեր է»,- ասել է նա:

Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամները նամակ են պատրաստել Հայաստանի նախագահին `խնդրելով օգտագործել իր բոլոր լծակները եւ  բարելավել վիճակը հանքարդյունաբերության ոլորտում:

Հիշեցնենք, որ չինական «Fortune Oil» ընկերությունը ձեռք է բերել հայաստանյան երկաթահանքերը շահագործելու իրավունքը, ու ըստ նախնական տեղեկատվության՝ Հրազդանի հանքը մտադիր է շահագործել բաց եղանակով: Նշենք, որ չինական ընկերության ներկայացուցիչները Հայաստան այցելության ընթացքում վստահեցրել են, որ երկաթահանքերի շահագործումը կիրականացվի բնապահպանական բոլոր չափանիշներին համապատասխան։