2011 թ. առաջին եռամսյակում նվազել են պետական բյուջե մուտքագրվող ակցիզային հարկերը։ Այդ մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած առաջին եռամսյակի բյուջեի կատարողականում։

2011 թ. առաջին եռամսյակում ակցիզային հարկերը կազմել են 8,9 մլրդ դրամ (մոտ 24 մլն դոլար) կամ հարկային մուտքերի 6,4 տոկոսը։

Մասնավորապես` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է շուրջ 5 մլրդ դրամ (մոտ 14 մլն դոլար), հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` շուրջ 4 մլրդ դրամ (մոտ 11 մլն դոլար): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկի մուտքերը նվազել են 6.4 տոկոսով կամ 614.6 մլն դրամով (մոտ 1,7 մլն դոլար)։

Ակցիզների նվազումը, ըստ ֆինանսների նախարարության տեղեկանքի, պայմանավորված է ներմուծվող ենթաակցիզային ապրանքներից մուտքերի 22.6 տոկոսով կամ շուրջ 1.5 մլրդ դրամով (մոտ 4,1 մլն դոլար) անկմամբ: Միեւնույն ժամանակ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերն աճել են 26.7 տոկոսով: