Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կոչ է արել քաղաքացիներին խստորեն պահպանել համազգային սահմանափակումները եւ սոցիալական հեռավորության նորմերը կորոնավիրուսի դեպքերի թվի աճի ֆոնին, հաղորդում է Reuters-ը։

Նա նշել է, որ երկիրը գտնվում է «պատերազմի» կիզակետում եւ կոչ արել քաղաքացիներին սատարել պայքարն ու մոլորության մեջ չհայտնվել՝ կարծելով, որ վիրուսի տարածումն ամբողջովին վերահսկողության տակ է։

«Ես կոչ եմ անում ձեզ չտրվել չափազանց ինքնավստահությանն ու չմտածել, որ մեր քաղաքում, մեր գյուղում, մեր փողոցներում, մեր գրասենյակում չկա կորոնավիրուս, եւ, հետեւաբար, չի լինելու»,-ասել է նա։

Հնդկաստանում բնակչության մեծ խտությունը, սանիտարական վատ ենթակառուցվածքը եւ ներքին միգրացիայի բարձր մակարդակն արագացրել է վիրուսի տարածումը։

Մոդին կարանտին էր սահմանել մարտի 25-ին, սակայն փորձագետները մտահոգվում են, որ չի հաջողվել կրճատել կորոնավիրուսի տարածումը, եւ երկրում նկատվել է հաստատված դեպքերի աճ թեստավորումն ավելացնելու ֆոնին։

Շաբաթ Հնդկաստանը թույլ էր տվել բացել փոքր խանութները բնակելի շրջաններում՝ չնայած աշխատակիցների թիվը կրկնակի կրճատվել է, եւ աշխատանքային ժամերին նրանք պետք է կրեն դիմակներ ու ձեռնոցներ։