Մոսկվայի Դոմոդեդովո օդանվակայանում արդեն 5 օր Հայաստան գալու թռիչքի սպասող քաղաքացիներին օդանավակայանում ասել են, որ վաղը թռիչք կլինի դեպի Երեւան: Այս մասին NEWS.am-ին  պատմեց օդանավակայանում գիշերող քաղաքացիներից Նորայր Սիմոնյանը` նշելով, որ այս պահին մոտ 30 քաղաքացի է գիշերում օդանավակայանում:

«Մենք ապրիլի 15 համար տոմսեր էինք գնել «Աէրոֆլոտ»-ից, բայց թռիչքը չկայացավ, գումարը ասել են` 14 օրվա  ընթացքում կվերադարձնեն: Օդանավակայանի աշխատակիցներն էլ ասում են` վաղը թռիչք կլինի, սպասում ենք վաղվան: Մեզ հետ նաեւ կանայք կան եւ մեկ երեխա: Առողջական խնդիրներ ունեցողներ կան, որ սրտի, ճնշման հետ կապված խնդիր ունեն»,- ասաց նա:

Նորայր Սիմոնյանը տեղեկացրեց, որ քիչ առաջ իրենց դուրս  են հանել օդանավակայանի տարածքից, միայն խնդրելուց հետո համաձայնել են ներսում թողնել կանանց եւ երեխային: 

«Մենք էլ այսպես դրսում կանգնած ենք մնալու մինչեւ լույսը բացվի»,-ասաց նա:

Նշենք, որ քաղաքացիներին Ռուսաստանում  Հայաստանի դեսպանությունը եւ Հայերի միավորումը քաղաքացիներին կացարան եւ սնունդ են առաջարկում մինչեւ թռիչքի կազմակերպումը, սակայն նրանք հրաժարվում են:

Նշենք, որ արդեն իրականացվել են մի քանի չարտերային թռիչքներ Մոսկվայից Երեւան: