Կորոնվիրուսային ինֆեկցիայի համավարակը զգալի ազդեցություն է ունեցել ալյումինի գլոբալ շուկայի վրա, որի հետեւանքով այս մետաղի պահանջարկը 6,4 տոկոսով նվազել է: Այս մասին նշված է ալյումինի ռուսական առաջատար արտադրող «Ռուսալի» հաշվետվության մեջ, որը հրապարակվել է Հոնկոնգյան ֆոնդային բորսայում, փոխանցում է ТАСС-ը:
«2020 թվականի առաջին եռամսյակում առաջնային ալյումինի համաշխարհային պահանջարկը նվազել է 6,4 տոկոսով՝ հասնելով մինչեւ 14,43 մլն տոննայի»,- նշված է փաստաթղթում: Մասնավորապես Չինաստանում պահանջարկն ունեցել է 6,3 տոկոսով անկում՝ հասնելով մինչեւ 7,83 մլն տոննայի, աշխարհի մնացյալ հատվածում՝ 6,5 տոկոսով, մինչեւ 6,6 մլն տոննա:
«COVID-19-ի բռնկումն ամբողջությամբ փոխել է 2020 թվականի շուկայական հեռանկարները»,- արձանագրել են «Ռուսալի» փորձագետները: Ընկերության տվյալներով՝ 2020 թվականի հունվարից մարտ գլոբալ շուկայում առաջացել է 1,7 մլն տոննա ծավալով ալյումինի պրոֆիցիտ:
Մետաղի պահանջարկի անկմանը ենթակա առավել խոցելի ճյուղերի թվում է հայտնվել տրանսպորտային հատվածը՝ Եվրոպայում, Չինաստանում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում առաջատար ավտոարտադրողների գործարաններում արտադրության դադարեցման պատճառով, նշված է զեկույցում:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում «Ռուսալը» արտադրել է 940 հազար տոննա արլյումին՝ 0,9 տոկոսով քիչ նախորդ տարվա վերջին եռամսյակի համեմատությամբ: Միաժամանակ, տարեկան արտահայտությամբ ցուցանիշն աճել է 1,3 տոկոսով (2019 թվականի առաջին եռամսյակում 928 հազար տոննայի համեմատությամբ):
Հաշվետու ժամանակաշրջանում մետաղի վաճառքի ծավալը նվազել է 17,4 տոկոսով նախորդ եռամսյակի մինչեւ 914 հազար տոննայի համեմատությամբ: Սակայն տարեկան արտահայտությամբ այն 2 տոկոսով աճել է: Ալյումինի իրացման միջին գինը կազմել է տոննայի դիմաց 1 864 դոլար՝ նվազելով 0,5 տոկոսով եռամսյակային եւ 4,4 տոկոսով տարեկան կտրվածքով:
Աշխարհագրական տեսակետից շուկայում վաճառքի իրավիճակն ընդհանուր առմամբ անփոփոխ է մնացել. իրացման առավել մեծ ծավալ է բաժին ընկել Եվրոպային (55 տոկոս): Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում իրացվել է վաճառքի ընդհանուր ծավալի 22 տոկոսը, Ասիայում՝ 15 տոկոսը, Ամերիկայում՝ 7 տոկոսը:
2019 թվականի վերջին եռամսյակի համեմատությամբ հաշվետու ժամանակաշրջանում ալյումինիումի օքսիդի արտադրությունը նվազել է 1,8 տոկոսով՝ հասնելով մինչեւ 2,013 մլն տոննայի: Բոքսիտների արդյունահանումը նվազել է 11,2 տոկոսով (մինչեւ 3,577 մլն տոննա), նեֆելինային հանքապարի արդյունահանումն աճել է 0,8 տոկսով (մինչեւ 1,083 մլն տոննա), նշված է հաշվետվության մեջ:





























