Երեւանում մայիսի 2-ին տեղի կունենա «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից անցկացվող «Երեւակայության գավաթ Հայաստան 2011» մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը:
«Երեւակայության գավաթ»-ն աշխարհի առաջատար ամենամյա միջազգային մրցույթն է ՏՏ ոլորտի ուսանողների համար, որը նախաձեռնվել եւ անցկացվում է Մայքրոսոֆթի կողմից: Այսօր մրցույթին մասնակցում են ավելի քան 100 երկրներ եւ տարածաշրջաններ ողջ աշխարհում: Արդեն չորրորդ տարին է մրցույթն իրականացվում է նաեւ Հայաստանում: Այն աշխարհի տարբեր երկրների երիտասարդ մասնագետներին հնարավորություն է տալիս բացահայտելու իրենց ներուժը տեխնոլոգիաների եւ նորարարությունների ստեղծման մեջ: Մրցույթի շրջանակում մասնակից թիմերը մշակում են ինովացիոն բնույթի ծրագրային ապահովման փաթեթներ` առաջարկելով արդի խնդիրների իրական լուծումներ:
Այս տարվա միջազգային մրցույթի թեման է «Պատկերացրու աշխարհը, ուր տեղեկատվական տեխնոլոգիաներն օգնում են աշխարհի հրատապ խնդիրների լուծմանը»:
Միջոցառաման ընթացքում կհայտարարվեն եւ կպարգեւատրվեն ավելի վաղ մասնագիտական հանձնաժողովի կողմից ընտրված լավագույն երեք թիմերը, որոնք կստանան համապատասխանաբար`
1-ին մրցանակ` 300 000 ՀՀ դրամ
2-րդ մրցանակ` 250 000 ՀՀ դրամ
3-րդ մրցանակ` 150 000 ՀՀ դրամ:
Հաղթող թիմերը կպարգեւատրվեն նաեւ համակարգիչներով` տրամադրված ԱրմենՏել ընկերության կողմից:
Միաժամանակ, առաջին տեղը գրավող թիմին հնարավորություն կընձեռնվի ամռանը մեկնելու Նյու Յորք /ԱՄՆ/` ներկայացնելու Հայաստանը միջազգային եզրափակիչ մրցույթում:





























