Գիրացման ու ճարպակալման վտանգի  մասին այսօր բարձրաձայնում է ամբողջ աշխարհը, որովհետեւ գիտականորեն ապացուցված է, որ երկարակեցության, առողջության ու հաջողության գրավականներից մեկն էլ ճարպերի ու գերքաշի բացակայությունն է: Համաշխարհային բժշկությունը շարունակում է գերքաշի ու ճարպակալման տագնապահարույց թվեր հրապարակել, վերլուծել մասնավոր  դեպքեր ու հիշեցնել անշտկելի հետեւանքների մասին:

Այսօր այս խնդիրը շատ մեծ վտանգի տակ է դնում հատկապես դեռասահների առողջական վիճակը: Ներկայումս երկրագնդի դեռահասների 20%-ը տառապում է գերքաշով, իսկ ավելի քան 10%-ը՝ ճարպակալմամբ: Մանկական տարիքում գերսնված երեխաների 25-30%-ը պահպանում է ճարպակալումը մինչեւ սեռահասուն տարիքը: Հայ ծնողները, տեղեկատվական պակասի պատճառով,  չեն էլ գիտակցում, թե ինչ վտանգավոր են սխալ սննդակարգն ու  պասիվ կենսակերպը իրենց երեխաների առողջության համար: ԱՄՆ Միչիգանի համալսարանի գիտնականների վերջին ուսումնասիրությունները, որոնց մասնակցել է 2000 ճարպակալված տղա, ցույց են տվել, որ նրանց  50%-ի մոտ սեռական հասունացումն սկսվում է բավական ուշ: Ավելին, հատկապես որովայնի շրջանում ճարպակալումը հանգեցնում է հորմոնալ համակարգի ֆունկցիոնալ  խանգարմանը:

Տղաների մոտ ճարպային հյուսվածքի ավելցումը նվազեցնում է արական սեռական հորմոնի (տեստոստերոնի) կոնցետրացիան, ինչն էլ հանգեցնում է մտավոր եւ ֆիզիկական թերզարգացման: Մտահոգիչ տվյալներն այսքանով չեն ավարտվում, որովհետեւ ճարպակալած տղաների օրգանիզմում տեստոստերոնի քանակի նվազմանը զուգընթաց տեղի է ունենում իգական սեռական հորմոնի (էստրոգենների) կուտակում: Այս ամենը հանգեցնում է  տղամարդկանց մոտ ֆեմինիզացիայի (կանացիացման), այսինքն՝ լայն կոնքեր, գերզարգացած կրծքագեղձեր եւ այլն: Իհարկե, Հայաստանում նման ուսումնասիրություններ դեռ չեն կատարվել, սակայն սա չի նշանակում, որ այդ խնդիրը մեզանում բացակայում է: Ըստ Հայկական բժշկական ասոցիացիայի 1000 դպրոցակաների շրջանում իրականացված մեկ այլ հետազոտության՝  հայ դեռահասների շրջանում նույնպես  հաճախ են հանդիպում ավելցուկային քաշի ու ճարպակալման դեպքեր:

Բժշկական եզրակացություններից բացի կա  հոգեբանական  մի լուրջ խնդիր եւս: Այսպիսի երեխաները ունեն ցածր ինքնագնահատական, եւ բարդույթները հետագայում խնդիրներ են ստեղծում ընկերներ ձեռք բերելու, աշխատանք գտնելու հարցերում:

Սա չարյաց փոքրագույնն է. կարող են ի հայտ գալ առողջական ավելի լուրջ պրոբլեմներ, ինչպիսիք են շաքարախտը, սրտանոթային հիվանդությունները, չբերությունը եւ այլն:

Իրականում այս ամենից խուսափելու ամենարդյունավետ միջոցն ակտիվ ապրելակերպն ու  առողջ սնունդն է: Բավական է ընդամենը սննդակարգում ընդգրկել միրգ, բանջարեղեն, ցածր յուղայնությամբ կաթնամթերք ու ապրել ակտիվ կյանքով:

Գերքաշն ու ճարպակալումը թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական խնդիրներ են առաջացնում ու դրանից խուսափելու համար հարկավոր է մշակել սնվելու կուլտուրա, որը, ցավոք, այսօր բացակայում է: Ու դրան հասնելու միակ ուղին կամքն է: