Հարգելի քաղաքացիներ եւ հայրենակիցներ, ես կցանկանայի ներողություն խնդրել ձեզանից այն միջադեպի համար, որին դուք ականատես եղաք: Այս մասին ապրիլի 28-ին խորհրդարանի ամբիոնից ասաց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» իշխող դաշինքից Ալեն Սիմոնյանը: Նա առաջարկեց, որ եզրակացություններ քաղաքացիներն իրենք անեն՝ նկատելով, թե պետք է արձանագրել այն փաստը, որ ինքը ներողություն է խնդրել: Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովում Ալեն Սիմոնյանը եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար ու խորհրդարանական խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը շատ կոպիտ վիրավորանքներ էին փոխանակել:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Անի Սամսոնյանը խորհրդարանի ամբիոնից իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ ոչ ոք եւ նույնիսկ իշխող դաշինքից գործընկերները լուրջ չեն վերաբերում Ալեն Սիմոնյանին: Այս ամենը տեղի ունեցավ Ալեն Սիմոնյանի բացակայությամբ: Սիմոնյանի պաշտպանությամբ հանդես եկան դաշինքի նրա գործընկերները: Ի պատասխան՝ Սամսոնյանն ասաց, որ եթե իր խոսքերը ճշմարիտ չլինեին, ոչ ոք չէր մեկնաբանի իր հայտարարությունները եւ չէր կանգնի ԱԺ փոխնախագահի կողքին: Այնուհետեւ, երբ Սիմոնյանը վերադարձավ նիստերի դահլիճ, նա քննադատության տարափ տեղաց «Լուսավոր Հայաստան»-ի եւ, մասնավորապես, այս խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հասցեին:

Ի պատասխան՝ Մարուքյանը տեղից նրան «դու»-ով դիմեց։ «Հանգստացիր, քաղաքական տրյապկա»,- պատասխանեց Սիմոնյանը: Արդյունքում, այս հանրային բանավեճը անցավ խորհրդարանական էթիկայի թույլատրելի եւ անընդունելի բոլոր սահմանները: Փոխխոսնակը կուսակցության ղեկավարին հիշեցրեց նրա կասկածելի անցյալի մասին, ավելի ստույգ՝ «Իմ քայլ»-ի հեղափոխական ակցիաներին մասնակցելուց հրաժարվելու մասին: Փոխխոսնակի ելույթը ուղեկցվում էր Էդմոնդ Մարուքյանի բղավոցներով: Այնուամենայնիվ, Սիմոնյանը չէր զիջում եւ նույնպես շարունակում էր վիրավորանքներ բղավել։