ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներին 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում տրված պարգեւատրման գումարները օրենքով սահմանված պահումներից հետո կազմել են 1.038.852.900 (մոտ 1 միլիարդ 39 միլիոն դրամ) դրամ, որը համարժեք է շուրջ 2 միլիոն 146.400 դոլարին։ Հունվար, փետրվար եւ մարտ ամիսների պարգևատրումները կազմել են՝ համապատասխանաբար մոտ 203 միլիոն (203.096.100), 427 միլիոն (426.825.600) եւ 409 միլիոն (408.931.200) դրամ: Այս մասին գրել է AntiFake.am-ը, որը հարցում էր ուղարկել ՀՀ ՊԵԿ՝ խնդրելով տրամադրել կառույցում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը։
ՊԵԿ-ից նաեւ հայտնել են, որ կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պարգեւատրվել է երկու անգամ: Պարգեւատրման ընդհանուր գումարը օրենքով սահմանված պահումներից հետո կազմել է 2.198.000 դրամ, որից 1.099.000 դրամը՝ հունվար, իսկ 1.099.000 դրամը՝ փետրվար ամսվա համար:




























