Նոր Զելանդիայի ոստիկանությունը ստիպված է եղել միջոցներ ձեռնարկել, որպեսզի վերահսկողության տակ առնի մարդկանց բազմությանը, ովքեր հերթ են կանգնել հանրահայտ ֆաստ-ֆուդի մոտ՝ երկրում կարանտինային միջոցառումները թուլացնելուց հետո։

Նոր Զելանդիան, որը հաղորդել է կորոնավիրուսի 1474 հաստատված ու հավանական դեպքերի եւ մահվան 19 դեպքերի մասին, գրեթե հինգ շաբաթ գտնվում էր խիստ կարանտինի մեջ: Նախօրեին սահմանափակումները մեղմացվել են, ինչը նշանակում է, որ որոշ երեխաներ կարող են վերադառնալ դպրոց, իսկ 400 000 մեծահասակ՝ աշխատանքի:

Բայց շատերի համար դա վերջապես ֆաստ-ֆուդ ուտելու առիթ է հանդիսացել: Երրորդ մակարդակի սահմանափակումների համաձայն՝ որոշ ռեստորանների եւ սրճարանների թույլատրվել է վերսկսել աշխատանքը: Ըստ TVNZ-ի, դա հանգեցրել է երկրի խոշորագույն քաղաք Օքլենդում ավտոմեքենաների երկար շարքերի առաջացմանը KFC-ների եւ McDonald's-ների մոտ: Հերթերն այնքան մեծ են եղել, որ ոստիկաններ են կանչել։

Չորեքշաբթի օրը BurgerFuel-ի ներկայացուցիչը հաստատել է, որ ոստիկանություն է կանչվել Glenfield արագ սննդի ցանցի մոտ, եւ հավելել է, որ դա շատ է օգնել մեծ բազմությանը վերահսկելուն։

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ պաշտոնյաները կապ են հաստատել BurgerFuel-ի գլխավոր գրասենյակի հետ, որպեսզի համոզվեն, որ նրանք կատարում են իրենց պարտականությունները։

Նա ասել է, որ ոստիկանությունը չորրորդ մակարդակի կանոնների չեղարկման առաջին 18 ժամվա ընթացքում 104 խախտում է գրանցել: 742 բողոք է ներկայացվել նաեւ ձեռնարկությունների անհամապատասխանության վերաբերյալ, բողոքների մեծամասնությունը կապված է եղել սոցիալական հեռավորության միջոցների բացակայության հետ:

Օքլենդի քաղաքապետ Ֆիլ Գոֆը նույնպես կոչ է արել մարդկանց շարունակել հետեւել սոցիալական հեռավորության կանոններին, հատկապես՝ ռեստորաններում:

Սոցիալական հեռավարության միջոցառումների համաձայն՝ Նոր Զելանդիայի կառավարությունը խորհուրդ է տալիս քաղաքացիներին փողոցում միմյանցից 2 մետր հեռավորություն պահպանել։