Նշվել են աշխարհի ամենականաչ եւ էկոլոգիապես մաքուր քաղաքները։ Վարկանիշի առաջատար է դարձել Վիեննան, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում կատարելով Lonely Planet-ին։

Խորհրդատվական ընկերությունը ուսումնասիրել է աշխարհի խոշոր քաղաքները՝ մի քանի չափանիշներով։ Մասնագետները համեմատել են, օրինակ, հասարակական կանաչ տարածքների, ճեմուղիների տոկոսը, օդի աղտոտվածության մակարդակը, էներգիայի օգտագործումը նորացված աղբյուրներից, մեկ շնչին ընկնող ջրերի քանակը, հասարակական տրանսպորտից, գյուղացիական շուկաներից օգտվող մարդկանց թիվը։

Վարկանիշի առաջատար է դարձել Վիեննան։ Այնտեղ ամենաշատ այգիներն ու հանգստի գոտիներն են, հարմարավետ տրանսպորտային միջոցները։ Ընդ որում, բնակչության կեսը երթեւեկության տարեկան մշտական տոմս ունի եւ հրաժարվել է սեփական ավտոմեքենայից, որը աղտոտում է շրջակա միջավայրը։ Երկրորդ տեղում Մյունխենն է, որտեղ նույնպես շատ այգիներ կան, զարգացած հասարակական տրանսպորտի համակարգը այստեղ նույնպես թույլ է տվել կրճատել սեփական ավտոմեքենաների քանակը։

Երրորդ տեղում Բեռլինն է, որը զբոսանքի բազմաթիվ գոտիներ ունի, Եվրոպայում բնակչության մեկ շնչին ընկնող ջրի օգտագործումը նվազագույն է, զարգացած է հասարակական տրանսպորտը։

Հնգյակը փակում են Մադրիդն ու Սան Պաոլոն։ Առաջինում շատ ճեմուղիներ կան կենտրոնում, պուրակներ ու բուսաբանական այգիներ։ Նաեւ այնտեղ բավարար հանգստյան գոտիներ կան։ Բրազիլական մեգապոլիսում շատ են գյուղատնտեսական շուկաները։ Նաեւ նրա բնակիչները մյուսներից ավելի հաճախ են օգտվում էներգիայի նորացվող աղբյուրներից։

Տասնյակի մեջ են նաեւ Մանչեսթերը, Լիսաբոնը, Սինգապուրը, Ամստերդամը եւ Վաշինգտոնը։